Դսեղից ՌԴ արտագնա աշխատանքի մեկնողները քչացել են՝ այնտեղ էլ վիճակը լավ չէ. համայնքապետ
Դսեղում զբաղվածության խնդիր չկա. գյուղն ունի գրադարան, ակումբ, որի շենքում շախմատի և նարդու խաղասենյակներ կան, նաև՝ ֆուտբոլի, ըմբշամարտի խմբակներ:
Այդ մասին Tert.am-ին ասաց Դսեղ համայնքի ղեկավար Գառնիկ Հովսեփյանը՝ անդրադառնալով համայնքի թաղամասերից մեկում երիտասարդների կողմից տնակի տեղադրմանը, որը «կազինո» են կոչել և որտեղ հավաքվում են՝ տարբեր խաղեր և քննարկումներ կազմակերպելու:
«Կազինոյի գաղափարը մեզանից շատ հեռու է, եթե ուզում եք համոզվեք մի օր եկեք Դսեղ: Այդ ասածի վրա ընդամենը կարելի է ծիծաղել, նման բան չկա: Կարող է մի ախմախ գրել է, որ այնտեղ կազինո է, ուրեմն դա կազինո՞ է»,- նշեց գյուղապետը:
Գառնիկ Հովսեփյանի խոսքով՝ գյուղից չեն արտագաղթում, միայն արտագնա աշխատանքի էին մեկնում, բայց այս տարի դա էլ չկա. «Հիմնականում Ռուսաստան էին գնում, բայց հիմա այնտեղ էլ վիճակն այն չէ, դրա համար մեկնողներ գրեթե չկան»,- ընդգծեց նա:
Գյուղում գրանցված բնակչության թիվը մոտ 2300 է, համայնքապետի համոզմամբ՝ գրեթե այդքանն էլ գյուղում են ապրում:
«Մեզ մոտ համեմատաբար ավելի շատ աշխատանքի տեղեր կան: Գյուղի բնակիչները հիմնականում զբաղվում են հողագործությամբ, ավելի շատ՝ անասնապահությամբ: Քարի գործարաններ, փայտագործության արտադրամասեր կան, այդտեղ են աշխատում»,- հայտնեց Գառնիկ Հովսեփյանը:










