Պարզ է, որ նախարարություններն իրար վրա պետք է գցեն մեղքը, որ հրդեհների հարցում իրենք չլինեն քավության նոխազը. Գ. Գորգիսյան

12:46 • 17.08.17

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ Խոսրովի արգելոցում և Վայոց ձորի տարածքում օրերս բռնկված խոշոր հրդեհների մարմանն ուղղված աշխատանքները ցույց տվեցին ՀՀ պատկան մարմինների անպատրաստվածությունը։  

Դիտարկմանը, որ հրդեհները ստանում են քաղաքական երանգներ՝ Արտակարգ իրավիճակների ու Բնապահպանության նախարարությունները փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում միմյանց հասցեին և հարցին, թե ինչի՞ արդյունք է սա, արդյո՞ք քաղաքական թիմի պառակտվածության, պատգամավորը պատասխանեց. «Կարծում եմ՝ հարցն ավելի շատ անպատրաստվածությունն է, քան պառակտվածությունը, և որևէ մեկն անպատրաստ լինելու համար պետք է պատժվի: Տվյալ պարագայում պարզ է, որ նախարարությունները մեկը մյուսի վրա պետք է գցեն մեղքը, որ իրենք չլինեն քավության նոխազը»: 

Պատգամավորն ընդգծեց, որ բնությունը լուրջ վնասներ է կրել, ամբողջ էկոհամակարգը տուժել է. «Մեկը պետք է պատասխան տա՞, թե ինչու հրդեհի մարումն այսքան երկար տևեց, ինչո՞ւ մենք չունեինք համապատասխան տեխնիկա, որ 3 օր անց, երբ հրդեհը խոշոր ծավալների էր հասել, մենք ստիպված եղանք դիմել, խնդրել Ռուսաստանին, ինչո՞ւ մենք անգամ ՌԴ կողմից հատկացված տեխնիկան սպասարկելու համար չունեինք համապատասխան տեխնիկա»: 

Նրա խոսքով՝ այսքան ժամանակ թվում էր, թե Արտակարգ իրավիճակների նախարարությունը համարվում է ամենալավ կառույցներից մեկը, լավ է, որ գալիս են, դուռ են բացում, պատուհանից, տանիքից մտնում են. «Բայց համակարգային կազմակերպվածությունը, տեխնիկայով զինվածությունը թույլ է: Մենք ապրում ենք երկրաշարժի գոտում, հրդեհից բացի կարող է պատահել ցանկացած աղետ, ու ԱԻՆ-ը պետք է պատրաստ լինի, տեխնիկապես զինված»: