Դեղատների վերահսկողության առումով Առողջապահության նախարարությունն անգործության է մատնված. Բաբկեն Պիպոյան (տեսանյութ)

22:43 • 17.08.17

Tert.am-ը «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ զրուցել է սպառողներին՝ դեղերի ոլորտում հանդիպող խնդիրների մասին: Պիպոյանը կարծում է, որ ոլորտում թղթի վրա է բարեփոխումը: Նրա խոսքով՝ եթե իրականության մեջ բարեփոխում չկա, ուրեմն բարեփոխում ընդհանրապես չկա էլ: Վերջինս շեշտեց, որ ձևի և բովանդակության մեջ փոխվել է միայն ձևը, այսինքն՝ գիտեն, որ օրենքում փոխվել է ձևը, բայց սպառողների իրավունքները շարունակում են ոտնահարվել:

- Պարո՛ն Պիպոյան, ի՞նչ պատկեր ունենք դեղերի ոլորտում՝ հաշվի առնելով այն, որ շատերն են դժգոհում դեղերի որակից և անարդյունավետությունից: Ի վերջո, սպառողն ի՞նչ որակի արտադրանք է ստանում:

- Առողջապահության նախարարության դիրքորոշմամբ՝ ՀՀ ներմուծվող ցանկացած դեղամիջոց անցնում է խիստ վերահսկողություն: Չեմ կարող այս կարծիքը չկիսել, ավելին՝ եթե դիտարկենք սահմանային հսկողությունն, ապա բոլոր այն ոլորտներից, որտեղ մենք որակի վերահսկողություն ենք անում, դեղերինն ամենախիստն է: Իրականում, մենք պետք է հսկենք նաև այն վայրերը, որտեղից գնում է կատարում սպառողն, իսկ սպառողը դեղը ձեռք չի բերում սահմանին, սպառողը ձեռք է բերում դեղամիջոցը դեղատնից: Թերևս, այստեղ է, որ Առողջապահության նախարարությունը մատնված է անգործության: Բոլորս լիահույս էինք, որ դեղերի մասին օրենքով ինչ-որ բան կարգավորվելու է, ավելին՝ ես ասել եմ, որ շատ լավ է, որ որոշ դեղամիջոցներ վաճառվելու են բժշկի  թույլտվությամբ: Սակայն իրականությունն այն է, որ մենք ունենք նույն խայտառակ վիճակը, իսկ եթե մենք դեղատներում չունենք պետական վերահսկողություն, ապա լավ դեղի մասին չենք էլ կարող խոսել: Բազմաթիվ են դեպքերը, որ դեղամիջոցը ՀՀ է գալիս մաքսանենգ ճանապարհով, բացի սա նաև  ժամկետանց ու սխալ պայմաններում պահված դեղն էլ կարող է կորցնել իր ազդեցությունը: Չկա նաև վերահսկողություն մուտքերի և ելքերի նկատմամբ: Պայմանական ասած՝ եթե մենք ունենք հատով վաճառք, ապա որևէ տնտեսվարող կաշկանդված չէ հին դեղը դնել նոր տուփի մեջ ու վաճառել: Դեղատներում խայտառակ վիճակ է այն իմաստով, որ դրանք դուրս են մնացել պետական վերահսկողությունից:

- Դեղերի մասին օրենքով տուգանքները խստացվել ու մեծացել են՝ անօրինական ճանապարհով երկիր մտած, ժամկետանց դեղերի հայտնաբերման դեպքերով պայմանավորված: Այս խստացումնե՞րն էլ ոլորտը չեն կարգավորել:

- Ինքս օրենքին կողմ եմ եղել, բայց պետք է հետ հայացք նետել և հասկանալ, որ օրենքով խնդիրը չի լուծվում, քանի որ պետք է հետևել օրենքի կյանքի կոչմանը: Օրինակ՝ ժամանակին արգելված էր դեղի հատով վաճառք, բայց, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք ապրում ենք սոցիալ-տնտեսական վատ պայմաններում, թույլ տրվեց հատով վաճառք իրականացնել, այսինքն՝ խախտվում էր օրենքը, որը բխում էր բոլորի շահերից: Թվում էր, թե դեղերի մասին նոր օրենքը եկավ փակելու այս բացը և  սահմանեց հատով վաճառելու համար համապատասխան չափորոշիչներ: Իրականում, բան չի փոխվել և ունենք այն, ինչ ունեինք երեկ, որովհետև նույն մեխանիզմով են աշխատում դեղատները: Ժամանակին հակաբիոտիկները վաճառվում էին առանց դեղատոմսի, այսօր իբրև թե պետք է վաճառվեն դեղատոմսերով, սակայն կրկին վաճառվում են առանց դեղատոմսի: Կարող ենք միասին մտել ցանկացած դեղատուն ու տեսնել, թե քանի դեղատուն մեզանից կպահանջի դեղատոմս:

- ԱԺ «ԵԼՔ» խմբակցության պատգամավորները շրջանառության մեջ են դրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է դեղերի իրացումը ՀՀ-ում ազատել ավելացված արժեքի հարկից, ինչը կմեղմի դեղերի չափազանց բարձր գները Հայաստանում  և կհանգեցնի դեղերի էժանացմանը: Իրատեսակա՞ն եք համարում այս նախագիծը:

- Ցանկացած ոլորտում, եթե ավելացված արժեքի հարկ չլինի, գնանկում կլինի: Վստահաբար ասում եմ, որ առողջապահության ամբողջ համակարգը 2 ձեռքով, ոտքով կողմ է լինելու այս նախագծին, բայց հարցն այն է,  թե այդ գումարները մեզ որտեղի՞ց: Նույն տրամաբանությամբ կարող ենք ասել, որ եկեք ավելացված հարկից ազատենք գինին, կոնյակը, գյուղատնտեսության  այս կամ այն ուղղությունը և այլն: Այստեղ հարց այն է՝ պետությունը պատրա՞ստ է սրան, ունի ՞ համապատասխան միջոցներ, թե՞ ոչ: Սա այն դեպքերից է, որ կարծում եմ՝ պետությունը մերժելու է նախագիծը, քանի որ չունենք ֆինանսական հնարավորություն:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

ՀեղինակԱնի Օհանյան