Ես բարձր եմ գնահատում արդվիցիների որոշումը, այն պետք է պարտադիր լինի բոլորի համար. Շարմազանովը՝ Արդվիում հանք շահագործելու մասին

19:58 • 17.08.17

Պարոն Վահրամ Բաղդասարյանը հստակ, ուղիղ ասել է, որ ինքը որևէ կապ չունի «Միռամ» ընկերության հետ, որը մտադիր է Արդվի գյուղում ոսկու հանք շահագործել և ես որևէ  հիմք չունեմ չհավատալու պարոն Բաղդասարյանի պնդումներին. Tert.am-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Հիշեցնենք, որ մամուլի հրապարակումների համաձայն՝ «Միռամ» ընկերությունը, որը կապվում է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի անվան հետ, մտադիր է գյուղի մերձակա արոտավայրերում ոսկու հանք շահագործել, ինչին գյուղացիները և ավագանին դեմ են: Այն բանից հետո, երբ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը Tert.am-ի հետ զրույցում հայտարարեց, թե Վահրամ Բաղդասարյան չէ՝ ով ուզում է լինի, եթե Արդվիում դեմ են, ուրեմն ոսկու հանք չի շահագործվի, և այնուհետև Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը հայտարարեց, թե հանցավոր թողտվությամբ, փորձ է արվում կյանքի կոչել ոսկու հանքի գործարկման խայտառակ ծրագիրը,  Վահրամ Բաղդասարյանի գրասենյակը պարզաբանում էր ներկայացրել, որ ինքը որևէ կապ չունի «Միռամ» ընկերության հետ:  

Շարմազանովը մեզ հետ զրույցում առաջարկեց թեման փակել, քանի որ, ըստ նրա, միտումնավոր են սլաքներն ուղղվում ՀՀԿ խմբակցության ղեկավարի դեմ: «Օրենքը պետք է գործի բոլորի դեպքում, ես բարձր եմ գնահատում արդվինցիների որոշումը, և անկախ այս դեպքից՝ Արդվիի ավագանու որոշումը պետք է պարտադիր լինի բոլորի համար: Շատ լավ ճանաչելով իմ խմբակցության ղեկավարին, իմանալով Վահրամ Բաղդասարյանի արժեքային համակարգը,  Վահրամ Բաղդասարյանին չհավատալու որևէ հիմք չունեմ: Եթե նա դրա հետ կապ ունենար, ապա տղամարդավարի կկանգներ կասեր: Եթե կապ չունի, մարդն ասում ա՝ կապ չունեմ, ինչ եք ուզում, կարողա՞ վաղն էլ ասեք՝ Լենինին, որ Կապլանը սպանել ա, Վահրամ Բաղդասարյանն ա սպանել»,- կրկնեց նա:

Ավելին՝ Շարմազանովը հակված է հավատալու Վահրամ Բաղդասարյանին նաև այն պատճառով, որ եղել է Արդվիում, զրուցել բնակիչների, գյուղապետի հետ: 

«Սուրբ Հովհան Օձնեցու աճյունը համահայկական, համաքրիստոնեական սրբություն է»,-ասաց նա՝ նորմալ ընդունելով նաև հարցի առնչությամբ եկեղեցու արձագանքը, քանի որ Սուրբ  Հովհան Օձնեցին Արդվիի մատուռում է թաղված: «Ինքս այդ տարածաշրջանից եմ, լավ ծանոթ եմ Արդվիին, Ադրվիի գյուղապետին, ավագանուն և այնտեղի ամենաակտիվ քաղաքացին  իմ ամենամոտ ընկերն է՝ Արմեն Վարամյանը հայտնի նկարիչ, և ավագանին եթե  որոշում է կայացրել և թույլ չի տվել, ինչի՞ մասին է խոսքը: Արդվիի մատուռում թաղված է Սուրբ  Հովհան Օձնեցին, և եթե որոշ մարդիկ նոր իմացան այդ մասին, մենք փոքր ժամանակից ամեն տարի ուխտագնացության ենք  գնում, տարին մի քանի անգամ էլ  ընտանիքով գնում ենք, արդվեցների հետ նստում, զրուցում ենք և շուո սարքելու իմաստը չեմ հասկանում»,-ասաց նա:

Շարմազանովը նաև համաձայն չէ դիտարկման հետ, որ Հանրապետական կուսակցությունը աչքերը փակում է իր անդամներին առնչվող հոռի երևույթների վրա, կամ հողմահաղացների դեմ պայքար է մղում. ասաց, որ բոլորը՝ ՀՀԿ-ական մարզպետ Արթուր Նալբանդյանից մինչև ՀՀԿ-ական գյուղապետ, դատապարտել են հանքի շահագործումը:   

Թե ինչու թափանցիկ գործընթաց չի տարվում, թե ով է սեփականատերը, Շարմազանովը պատասխանեց. «Հազար ներողություն, դա ոչ Էդուարդ Շարմազանովի, ոչ էլ Վահրամ Բաղդասարյանի խնդիրն է, համապատասխան կառույցներ կան, թող ներկայացնեն ով է»:

Դիտարկմանը, թե Հայաստանում գիտենք ինչպես և ում անունով են ընկերություն գրանցում և ինչու, օրինակ, չեն ասում՝ Շարմազանովի ընկերությունն է, այլ տալիս են Բաղդասարյանի անունը,  Շարմազանովն արձագանքեց. «Այ քեզ բան, Շարմազանովի ամեն ինչը հրապարակային է, մի հատ տուն  ունեմ Երևանում, մի հատ էլ 8 տարի է կառուցում եմ Երևանի ավան համայքնում, դեռ 3 տարի էլ կկառուցեմ, մի հատ էլ հայրական տուն ունեմ, ուրիշ բան պարոն Շարմազանովը չունի»:

Դիտարկմանը, թե ինչու պարոն Բաղդասարյանն էլ նույն ձևով չի հրապարակում՝ ինչ ունի, ինչ չէ, Շարմազանովը պատասխանեց. «Շատ լավ իմանալով Վահրամ Բաղդասարյանին, նրա և՛ մարդկային, և՛ տղամարդկային արժեքները, ես պարոն Բաղդասարյանին չհավատալու որևէ հիմք չունեմ: Եթե կապ ունենար, կասեր՝ այ ախպեր ես դրա հետ կապ ունեմ : Մի բան կարող եմ ասել, որ սուրբ Հովհանը համաքրիստոնեական և համահայկական նշանակության հոգևոր կթող է, որը մենք աչքի լույսի պես պահենք»,-ասաց նա: