810 000 դրամով ԴԱՀԿ կողմից վաճառված բնակարանի գնորդը համաձայնել է ծանր վիճակում գտնվող վանաձորցուն այն վերադարձնել կրկնակի գնով
Վանաձորցի Ռոբերտ Բալայանը հնարավորություն է ստացել Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից բռնագրավված և 810 հազար դրամով վաճառված իր երեք սենյականոց բնակարանը հետ ստանալ նոր սեփականատիրոջից:
Tert.am-ի հետ զրույցում ընտանիքի հայրը նշեց, որ բնակարանի գնորդը, ով ըստ նրա՝ Լոռու դատախազներից մեկի մայրն է, համաձայնել է հրաժարվել՝ առաջարկելով վճարել 1,5 մլն դրամ:
«Հիմա մինչև օգոստոսի 25-ը ինձ ժամանակ են տրամադրել վճարելու: Այս պահի դրությամբ հարազատներից, ընկերներից հավաքել եմ, բայց 900 000 դրամի պակաս ունեմ ու չգիտեմ ինչ անել»,-ասաց նա:
Նշենք, որ Ռոբերտ Բալայանի անչափահաս տղայի ծանր հիվանդության պատճառով ընտանիքը հայտնվել է ծանր վիճակում: Բուժման նպատակով տունը գրավ են դրել, այնուհետև Ռոբերտը նաև աշխատանքն է կորցրել: Հիփոթեքային վարկի դիմաց գրավադրված տունը բանկն աճուրդի է հանել ու ժամանակին ավելի քան 4,5 միլիոն դրամով ձեռք բերված երեք սենյականոց բնակարանը վաճառել 810 հազար դրամով, որը տույժ ու տուգանքներից գոյացած պարտքի մի մասն է։
Թե ինչպե՞ս է ստացվել, որ 810 հազար դրամով են գնել բնակարանը, բայց համաձայնել են վաճառել 1,5 մլն-ով, Ռոբերտ Բալայանը նշեց, որ թեև կտրոնով գումարը 810 000 դրամ է կազմում, բայց գնորդն ասում է՝ շատ է վճարել:
«Հետո ասում են, որ 350 000 դրամ վճարել են ԴԱՀԿ օպերատիվ բաժնին, որ գան, մեզ տանից վտարեն, հետո նոտար են գնացել և այլն, դե այդքան են ասում, չգիտեմ: Ուղղակի քանի եկել ենք համաձայնության, չեմ ուզում իրենց վրա ցեխ շպրտել»,-ասաց նա:
Գնորդի հետ համաձայնության գալ, ըստ Ռոբերտի, հաջողվել է խնդրին հնչեղություն տալուց, ապա Լոռու մարզի նորանշանակ դատախազի հետ հանդիպումից հետո:
«Մեր նորանշանակ դատախազը շատ արագ հրապարակված նյութից հետո արձագանքեց, ոնց որ Աստված իմ կողմից էր։ Մարզի դատախազը նոր էր նշանակվել, շատ մարդասիրական հատկանիշներ դրսևորեց և իր դիրքերից հանդես չեկավ, ասաց, որ եթե գտնում ես՝ իրավական խախտումներ կան, կարող ես քո իրավունքները պաշտպանել, ես քո թիկունքին կանգնած եմ, անմիջական իմ հսկողության տակ եմ առնում: Հետո ասաց, որ կփորձի այդ մարդկանց հետ խոսել, որ մեկ հայտարարի փորձենք գալ: Գնորդի հետ խոսել է, անունը չասեմ, որը նաև մարզի դատախազներից մեկի մայրն է: Դե բնական է՝ նրանք էլ ասում են՝ ես կապ չունեմ, մայրս է առել և այլն, մի խոսքով եկել են ընդհանուր հայտարարի և հայկական տարբերակով ասած՝ առուծախ են անում»,-ասաց նա:
Հարցին, թե արդյո՞ք բնակարանի բռնագրավումը խախտումներով է ընթացել, Ռոբերտը նշեց, թե որոշակի թերություններ ԴԱՀԿ կողմից կան:
«Նախ, տունս գնահատել է 6 մլն, հետո լիկվիդացիոն արժեքը դուրս է եկել և դարձել է 4,750 000 դրամ, երկու տարվա ընթացքում իջել, դարձել է 500 000 դրամ, այսինքն՝ այդտեղ ինչ-որ խնդիրներ կան: Հետո լոտի մեկնարկային գինը դնելուց հետո ընդամենը 4 տեղ է երևում՝ ոնց է նվազել, մնացածը չի երևում: ԴԱՀԿ դիմում եմ՝ ասում են, որ ովքեր են աճուրդի մասնակցել, տվյալ տվեք, որովհետև 1 հոգի չի կարող մասնակցել, ասում են՝ դա հրապարակման ենթակա չէ, այսինքն՝ այդ գործընթացը պետք է թափանցիկ արվի: Բայց եթե այս հարցերը կարողանամ կարգավորել, առաջ գնալ, չեմ կարծում իմաստ ունի բողոքել։ Հետո ժամանակատար է»,-ասաց նա:
Ռոբերտ Բալայանի խոսքով՝ իր ամբողջ խնդիրը հիմա տան հարցը լուծելուց հետո գումար հայթայթելն է հիվանդ երեխայի բուժման համար:
«Իմ ամբողջ խնդիրը երեխայիս բուժումն է, ես աշխատող մարդ եմ, ձրիակեր, պարապ հարբեցող չեմ: Երեխաս ուղեղի անոթային խնդիր ունի, որի հետագա բուժումը ՀՀ-ում անհնարին է, ինձ համար առաջնայինը այդ խնդիրն է, որ կարողանամ տանել. ինձ համար այսօր նույնիսկ 20 000 դրամով վարձով մնալը մեծ գումար է»,-ասաց նա:
Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ նյութի հրապարակումից հետո Ռոբերտ Բալայանին հրավիրել է դատախազություն:
Նա նշեց, որ քաղաքացուն պարզաբանվել է, որ եթե բնակարանի հետ կապված գործընթացում տեղի են ունեցել ապօրինություններ, վերջինս կարող է օրենքով սահմանված կարգով ներկայացնել համապատասխան հաղորդում հանցագործության վերաբերյալ, և այդ հաղորդումը քննարկվի Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և կտրվի համապատասխան ընթացք հաղորդման հետ կապված:
«Դեռևս այս պահին հաղորդում չի ներկայացրել, անցած անգամ, երեկ էր, ասաց, որ գնորդների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, որ գումարը փոխհատուցի և բնակարանը վերադարձնեն իրեն»,-ասաց Արսեն Մարտիրոսյանը:
Դիտարկմանը, թե Ռոբերտ Բալայանի պնդումը հիմնավո՞ր է, որ մարզի դատախազներից մեկի մայրն է գնորդը, Լոռու մարզի դատախազը նշեց, թե դրա վերաբերյալ իրեն որևէ բան չի ներկայացվել:
«Նա ենթադրություն է հայտնել, որ տեղի են ունեցել ապօրինություններ, քաղաքացուն պարզաբանվել է, որ եթե կա այդպիսի համոզմունք , ապա օրենքով սահմանված կարգով կարող է հաղորդում ներկայացնել»,-ասաց նա:
Հարցին, թե հնարավո՞ր է՝ ամեն ինչ օրենքի շրջանակում է կատարվել, բայց ներքին կարգով եղել է պայմանավորվածություն՝ ինչ գնով ով գնի, Արսեն Մարտիրոսյանը նշեց, թե ամեն դեպքում իրեն խնդիրը ներկայացրել է և ինքն էլ օրենքի շրջանակներում փորձել է այդ մարդուն պարզաբանել՝ ինչ կարող է անել:
«Ցանկացած մարդ էլ կարող է գնել, բայց ես տեղեկացրել եմ, որ կարող է հաղորդում ներկայացնել»,-ասաց նա:










