Հայտնի պակիստանուհի իրավապաշտպան Մալալա Յուսուֆզայն ընդունվել է Օքսֆորդի համալսարան

18:48 • 17.08.17

Պակիստանում կանանց կրթության համար պայքարող իրավապաշտպան Մալալա Յուսուֆզայը, ով Նոբելյան խաղաղության մրցանակի ամենաերիտասարդ դափնեկիրն է դարձել 17 տարեկանում, ընդունվել է Օքսֆորդի համալսարան:

Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, Մալալան Օքսֆորդում քաղաքականություն, փիլիսոփայություն և տնտեսագիտություն է ուսանելու: Հուզված պակիստանուհին միացել է Բրիտանիայում հավաքված հազարավոր ուսանողների, որոնք նոր են տեղեկացել ավարտական քննությունների արդյունքների մասին: 

Նշենք, որ 20-ամյա Մալալան տարիներ առաջ հայտնի դարձավ ողջ աշխարհին՝ պայքար սկսելով «Թալիբան» շարժման գրոհայինների քարոզների դեմ և խրախուսելով աղջիկների կրթությունը, որն արգելում էին ծայրահեղականները: 2012-ին նա վիրավորվել էր գլխից, սակայն ապաքինվելուց հետո ավելի մեծ եռանդով շարունակեց իր պայքարը: Հարձակումից հետո Մալալան դպրոց է հաճախել Անգլիայում: