«Հերիք է մարդասպաններին պաշտպանես». ինձ այս կերպ սպառնում են, իսկ ՀՔԾ-ն ինձ դասեր է տալիս. փաստաբան (տեսանյութ)
ՀՀ հատուկ քննչական ծառայության համար ոչ թե կարևոր է այն, որ Հայաստանում սպառնում են փաստաբանին ու նրա ընտանիքին, այլ այն, որ ցույց տան, թե փաստաբանը սխալ է արել, որ դիմել է իրենց: ՀՔԾ-ն փորձել է փաստաբանի համար անվճար իրավաբանական վերապատրաստման դասընթաց պատրաստել:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվող Արայիկ Խանդոյանի, իսկ Սեֆիլյանի գործով Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը, ում սպառնում են:
«Հասկացա, որ ՀՔԾ-ի համար կարևոր է եղել ոչ թե իմ կողմից բարձրացրած խնդիրը, այլ ավելի կարևոր է եղել, որ փորձեն ցույց տան, որ ես ճիշտ հասցեով չեմ դիմել: Շնորհակալ եմ, ես դասեր քաղեցի, հուսով եմ, որ այլևս նման առիթ չի լինի, որպեսզի ես դիմեմ ՀՔԾ-ին: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ ՀՔԾ-ում առավելապես հետաքրքրված էին կեղտ կամ ցեխ շպրտելով դեպի իմ կողմը, ապա ասեմ, որ դա ինձ չի հասել, և այն անձը և այն կառույցը, որը նման բան է կատարել, ինքը ցեխոտված մնաց։ Ասեմ, որ փաստաթղթի տեսքով եմ ներկայացրել սպառնալիքները, և ընդհանուր առմամբ յոթ օր պահանջվեց այդ մարմնից, որ մամուլի միջոցով իրավաբանության վերաբերյալ դասընթաց անցկացնի: Գուցե իմ բարձրացրած հարցը հրատապ լուծման կարիք ուներ»,-ասաց Պապիկյանը:
Ինչ վերաբերում է ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությանը, որպեսզի նյութեր նախապատրաստվեն, Արայիկ Պապիկյանն ասաց, որ այսօր արդեն Ոստիկանությունից իր հետ կապվել են, և պայմանավորվել են. «Այսօր պետք է համապատասխան պաշտոնյաների հետ հանդիպենք՝ այդ դիմումի հետ կապված հետագա իրադարձությունները պարզելու, քննչական կամ կատարողական գործողությունները կատարելու նպատակով»:
Արայիկ Պապիկյանը հրապարակեց նաև սպառնալից նամակները, որը ստանում է Էմմա Սահակյան անունով օգտատիրոջից. «Ես պարզապես չեմ կարող ներկայացնել այդ արտահայտությունները, հայհոյանքները, որոնք ստացել եմ: Ասեմ, որ պարբերաբար եմ ստացել սպառնալիքները, մասնավորապես մայիսի 11-ին, այնուհետև նաև վերջերս: Հետևյալ բովանդակությամբ նամակներ կան՝«Այ…հերիք է մարդասպաններին պաշտպանես», «հերիք է էդ հանցագործ… տղերքին պաշտպանես»: Սպառնալիքներն էլ են հայհոյանք: Կա պահանջ, որ որոշակի գործերով դադարեցնեմ իմ մասնագիտական գործունեությունը»:
Արայիկ Պապիկյանն ասաց, որ, ի դեպ, հույս չունի, որ իրավապահ մարմիններին դիմելով ինչ-որ արդյունքի կհասնի:










