Սաուդյան Արաբիան հաջի շրջանում կբացի սահմանը Քաթարից ուխտավորների համար
Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդուլ Ազիզ ալ Սաուդը հայտարարել է, որ դեպի Մեքքա ուխտագնացություն կատարել ցանկացող քաթարցիները ցամաքային ճանապարհով երկիր մտնելու հատուկ էլեկտրոնային թույլտվության կարիք չեն ունենա, այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:
Բացի այդ, թագավորը պատրաստ է իր հաշվին ինքնաթիռով Մեքքա տեղափոխել քաթարցի ուխտավորներին:
Նշենք, որ ըստ մահմեդականների սուրբ գրքի՝ Ղուրանի, յուրաքանչյուր հավատացյալ մահմեդական պետք է կյանքում գոնե մեկ անգամ այցելի մահմեդականների համար սրբազան համարվող Մեքքա քաղաքը: Ուխտագնացություններն իրականացվում են իսլամական հատուկ օրացույցի նշած ժամանակահատվածում: Այս տարի ուխտագնացության շրջանն օգոստոսի վերջին է:
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիան, Եմենը, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Լիբիան, Մալդիվներն ու Բահրեյնը խզել են Քաթարի հետ դիվանագիտական կապերը: Բացի այդ, Քաթարը հեռացվել է Սաուդյան Արաբիայի գլխավորած և Եմենում գրոհայինների դեմ կռվող կոալիցիայից: Քաթարի դեմ արշավին միացել են նաև այլ երկրներ։










