Մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության նոր պետը ընկերս չէ, նրա համար չեն բարեխոսել. Շիրակի մարզպետ
Մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Մեսրոպ Բզնունին ո՛չ իմ ընկերն է, ո՛չ էլ նրա նշանակման համար Դաշնակցությունից որևէ մեկը բարեխոսել է:
Այս մասին Tert.am-ի հետ զրուցում ասաց Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարկումներին, թե ինքը մարզպետարանի ներքին աուդիտի բաժնի նախկին պետ Մեսրոպ Բզնունուն նշանակել է առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, չնայած նրան, որ նա մասնագիտությամբ տնտեսագետ է, ավարտել է գյուղինստիտուտը, բժշկական ոլորտի հետ կապ չունի:
Մամուլում գրվել էր նաև, որ տնտեսագետին նշված պաշտոնում նշանակելու համար բարեխոսել են նաև մի շարք դաշնակցականներ:
«Մարզպետարանը կուսակցական կառույց չէ, կուսակցական որոշումները կայացվում են կուսակցության ներսում։ Բացի այդ, դաշնակցական լինելն այստեղ ընդհանրապես կապ չունի, մանավանդ որ կուսակցությունից դուրս է եկել: Ես պարոն Բզնունուն առաջին անգամ հանդիպել եմ մարզպետարանում, երբ նշանակումից հետո անցել եմ աշխատանքի, որևէ նախնական հարաբերություններ չենք ունեցել»,-շեշտեց նա:
Մարզպետի խոսքով՝ տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված չէ, որ այն պետք է զբաղեցնի բժշկական կրթություն ունեցող անձ:
«Առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունն է, հետևաբար վարչությունը միայն առողջապահական խնդիրներով չի զբաղվում: Մեսրոպ Բզնունին եղել է Ներքին աուդիտի բաժնի պետ, քաջատեղյակ է առողջապահական, սոցիալական խնդիրներից: Խնդիր ունենք հստակեցնելու մեր սոցիալական քաղաքականությունը, աջակցության ծրագրերում ընդգրկման և չընդգրկման սխալը: Այսինքն՝ կարողանանք ընդգրկել նրանց, ովքեր իրապես կարիքավոր են և բացառել, նվազեցնել նրանց թիվը, ովքեր աջակցության համար շահառու չեն: Զուտ կառավարման խնդիր լուծելու համար է»,-շեշտեց նա:










