Տավուշում այրված ավտոմեքենայում հայտնաբերված զինծառայողի սպանության կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը

10:51 • 18.08.17

Oգոստոսի 17-ին, ժամը 15.10-ին, ոստիկանության Տավուշի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի «Չնգիլ» կոչվող հանդամասում այրված ավտոմեքենա կա:  

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Մեկնած օպերատիվ խումբը Ներքին Կարմիրաղբյուր-Պառավաքար ճանապարհի 4-րդ կմ-ին՝ ճանապարհի երթևեկելի մասից ձախ, հայտնաբերել է ձորը գլորված «ՎԱԶ-2106» մակնիշի այրված ավտոմեքենա, որի սրահում հայտնաբերվել է 1985 թ. ծնված Վ. Գ.-ի մոխրացած դիակը: 

Օգոստոսի 17-ին, ժամը 22.30-ին, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ օգոստոսի 16-ին, ժամը 21.00-ի սահմաններում, 1980 թ. ծնված Ա. Լ.-ն անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ծեծելով սպանել է Վ. Գ.-ին, նստեցրել նշված ավտոմեքենան, այնուհետև գլորել ձորն ու այրել: 

Ա. Լ.-ն ձերբակալված է: Նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն։ 

Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր-Պառավաքար ավտոճանապարհին այրված ավտոմեքենայում հայտնաբերվել էր պայմանագրային զինծառայողի մոխրացած դի:

Shamshyan.com կայքը հայտնում է, որ ձերբակալվածը նույնպես պայմանագրային զինծառայող է։  

«Վ. Գ-ն պայմանագրային զինծառայող էր: Նա բանակից հետո այլևս տուն չէր վերադարձել: Գնացել է բանակ և անցել ծառայության»,-Tert.am-ին հայտնել էին համայնքապետարանից։

Համայնքապետարանի աշխատակիցը տեղեկացրել էր նաև, որ Վ.Գ.-ն ամուսնացած էր, մեկ անչափահաս երեխա ունի. «32 տարեկան էր, ընտանիք ունի, քույր-եղբայր էլ ունի: Զինծառայողների ընտանիք է, եղբայրը նույնպես պայմանագրային զինծառայող է»: