Ամերիկյան Սիեթլ քաղաքի քաղաքապետն առաջարկել է վերացնել Լենինի արձանը

10:17 • 18.08.17

ԱՄՆ Վաշինգտոնի նահանգի Սիեթլ քաղաքի քաղաքապետ Էդ Մյուրեյն առաջարկել է վերացնել ԽՍՀՄ ղեկավար Վլադիմիր Լենինի արձանը, գրում է РИА Новости գործակալությունը:

Բացի Լենինի արձանից, քաղաքապետը խոսել է նաև Համադաշնության զինվորներին նվիրված հուշարձանի մասին, որն, ըստ նրա, նույնպես պետք է վերացվի: Ըստ նրա՝ «ատելության, ռասիզմի և բռնության խորհրդանիշերը» պետք է վերացվեն։


«Մենք երբեք չպետք է մոռանանք մեր պատմությունը, սակայն մենք նաև չպետք է պաշտամունքի առարկա դարձնենք նրանց, ովքեր դաժանություն են դրսևորել և փորձել բաժանել մեզ»,- ասել է նա։


Սիեթլի քաղաքապետի գրասենյակից, սակայն, գործակալությանն ասել են, որ արձանները մասնավոր տարածքում են գտնվում և մասնավոր սեփականություն են, այդ իսկ պատճառով քաղաքապետի հայտարարությունը միայն նրա անձնական դիրքորոշումն է, այլ ոչ վերջնական որոշում:

Նշենք, որ օրեր առաջ «Քաղաքացիները Թրամփի կողմից են» գրքի հեղինակ Ջեք Պոսոբիկը Twitter-ի իր էջում տեղադրել էր տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները դուրս եկել Լենինի արձանի մոտ և պահանջել քանդել այն: Ցուցարարներից շատերը կրել են կարմիր գլխարկներ և բացականչել են Թրամփի կարգախոսը՝ «Մենք նորից կդարձնենք ԱՄՆ-ն հզոր»: