Բարսելոնայի ահաբեկչության վայրում եղած 26-ամյա ավստրալուհին եղել է նաև Լոնդոնի և Փարիզի ահաբեկչությունների ականատեսը (լուսանկարներ)
Օգոստոսի 17-ին Բարսելոնայի ամենահայտնի զբոսաշրջային վայրերից մեկում՝ մարդաշատ Լաս Ռամբլաս փողոցում, տեղի է ունեցել 13 մարդու կյանք խլած ահաբեկչություն:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, ահաբեկչության վայրում է եղել նաև ավստրալուհի զբոսաշրջիկ Ջուլյա Մոնակոն, որին արդեն 3-րդ անգամ է հաջողվում ողջ-առողջ մնալ ահաբեկչական գործողությունից:
Պարբերականը մանրամասնում է, որ 26-ամյա աղջիկը, որը Մելբուրնից է, ահաբեկչության պահին եղել է փողոցի վրա գտնվող խանութներից մեկում:
Լրագրողների հետ զրույցում ավստրալուհին ասել է, որ Եվրոպայով շրջագայելու ընթացքում սա արդեն 3-րդ ահաբեկչությունն է, որի կատարման վայրում ինքը եղել է:
Աղբյուրը մանրամասնում է, որ հունիսին ավստրալուհին եղել է Լոնդոնում, որտեղ ահաբեկիչները հարձակում են իրագործել Լոնդոնի կամրջի հետիոտների վրա: Մի քանի օր անց Մոնակոն եղել է Փարիզում՝ Նոտր Դամ տաճարում, որի մոտ ահաբեկիչը հարձակվել է ոստիկանների վրա ու նրանցից մեկին դանակահարել:
Մոնակոն նշել է նաև, որ դա իրեն չի կանգնեցնի և որ ինքն անպայման կշարունակի եվրոպական շրջագայությունը:
«Ես մտադրություն չունեմ տուն վերադառնալ: Ուզում եմ մնալ ու թույլ չտալ, որ նրանք (ահաբեկիչները-Tert.am) հաղթեն: Ես եկել եմ այստեղ նոր վայրեր տեսնելու ու մնալու եմ այնքան, մինչև բոլորը չտեսնեմ»,-ասել է ավստրալուհին:
Հիշեցնենք, որ Բարսելոնայի կենտրոնում ահաբեկչությունից հետո տեղի է ունեցել ևս մի քանի հարձակում: Քաղաքի մեկ այլ հատվածում մեքենան վրաերթի է ենթարկել ոստիկաններին: Ենթադրվում է, որ տվյալ հարձակումն առնչություն ունի Բարսելոնայի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչության հետ, երբ միկրոավտոբուսը մարդաշատ փողոցներից մեկում մխրճվել է հետիոտների ամբոխի մեջ:














