ՄԻԵԴ-ը գրանցել է Հ. Խուրշուդյանի, Դ. Սանասարյանի, Ա. Մարտիրոսյանի, Վ. Ղումաշյանի վերաբերյալ ներկայացված գանգատները

15:56 • 23.08.17

2017թ. հուլիսի 27-ին ուղարկված գրությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը տեղեկացրել է, որ 2017թ.-ի հուլիսի 12-ին գրանցել է Հովսեփ Խուրշուդյանի, Դավիթ Սանասարյանի, Արմեն Մարտիրոսյանի և Վահագն Ղումաշյանի գանգատները կալանքի՝ որպես խափանման միջոցի, կիրառման իրավաչափության գնահատման վերաբերյալ: 

Այս մասին հայտնում են «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ից։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ 2016թ. օգոստոսի 1-ից, ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննությունը իրականացնող քննիչի միջնորդությամբ դատարանին է ներկայացվել Հ. Խուրշուդյանի, Դ. Սանասարյանի, Ա. Մարտիրոսյանի և Վ. Ղումաշյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությամբ՝ 2 ամիս ժամկետով: Դատարանը բավարարել է քննիչի կողմից ներկայացված միջնորդությունները:

Հ. Խուրշուդյանը անազատության մեջ է գտնվել՝ 27 օր, Ա. Մարտիրոսյանը՝ 21 օր, Դ. Սանասարյանը՝ 22 օր, և նրանք և ազատ են արձակվել ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ, իսկ Վ. Ղումաշյանը 41 օր, և ազատ արձակվել նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի միջնորդությամբ:

Կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ կայացված որոշումների օրինականությունն ու իրավաչափությունը բողոքարկվել են ՀՀ դատական ատյաններում:

Կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելու համար հիմք է հանդիսացել Դավիթ Սանասարյանին և Արմեն Մարտիրոսյանին 2016թ. հուլիսի 29-ին Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու, իսկ Հովսեփ Խուրշուդյանին և Վահագն Ղումաշյանին զանգվածային անկարգություններին մասնակցելու համար՝ համապատասխանաբար ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 225-րդ հոդվածի 2-րդ մասերով առաջադրված մեղադրանքները:

ՄԻԵԴ ներկայացված գանգատներում առաջին անգամ բարձրացվել է Կոնվենցիայի 18-րդ հոդվածի խախտման հարցը, ըստ որի՝ դիմումատուների ազատության սահմանափակումն իրացվել է այլ նպատակներով, քան նախատեսում է Կոնվենցիան: Այս հիմքով դիմումատուները պնդել են նաև, որ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածը՝ անձանց ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը:

Դիմումատուները դատարանին ներկայացրել են այն պնդումը, որ կալանքի միջոցով իրենց ազատազրկումը հանդիսացել է որպես ընդդիմադիր քաղաքական ուժերի և նախաձեռնող խմբերի անդամների նկատմամբ կիրառված «պատիժ»: