Հս. Կորեան ցուցադրել է՝ ինչպիսին կլիներ ամերիկյան Գուամ կղզու ուղղությամբ հրթիռային հարվածը (տեսանյութ)

12:19 • 23.08.17

Հյուսիսային Կորեայի իշխանությունները քարոզչական տեսանյութ են հրապարակել, որում ցուցադրվում է, թե ինչպիսին կլիներ ամերիկյան Գուամ կղզու ուղղությամբ հրթիռային հարվածը: Այդ մասին հայտնում է Yonhap գործակալությունը:


«Ամերիկացիները պետք է ապրեն՝ մշտապես զգոն լինելով: «Հվասոն-12» հրթիռները կտանջեն նրանց օր ու գիշեր, քանի որ արձակման ժամանակը հայտնի չէ: Ամերիկացիները կդողան»,- ասված է տեսահոլովակի նկարագրությունում:


Երբ կադրում ցուցադրվում է ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավար Ջեյմս Մեթիսի լուսանկարը, տեքստում նշվում է. «Մենք հուսով ենք, որ ամերիկացի քաղաքական գործիչները երկու անգամ կմտածեն հնարավոր պատերազմի հետևանքների մասին»:


Ավելի վաղ հաղորդվել է, որ Միացյալ Նահանգներն ու Հարավային Կորեան «Ըլչի-Ֆրիդոմ գարդիան» անվամբ համատեղ տասնօրյա զորավարժություններ են սկսում: Չնայած ԱՄՆ-ն և Հարավային Կորեան պնդում են, որ զորավարժությունները պաշտպանական բնույթ են կրում, ԿԺԴՀ-ն դատապարտել է դրանց անցկացումը՝ նախազգուշացնելով, որ դրանք կարող են հանգեցնել աղետալի հետևանքների: Փհենյանում վստահ են, որ զորավարժությունների նպատակը Հյուսիսային Կորեայի տարածք ներխուժման նախապատրաստումն է:


Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունն ավելի վաղ հայտարարել էր, որ Փհենյանն ուսումնասիրում է ցանկացած պահի գործողության միջին և մեծ շառավղով «Հվասոն -12» հրթիռներով Գուամ կղզում Միացյալ Նահանգների ռազմաբազաներին հարվածելու վերաբերյալ ծրագիրը: Սրան ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել էր, որ Գուամին հարվածելու դեպքում, ԱՄՆ-ն Հյուսիսային Կորեայի հետ այնպիսի բան կանի, որ նախկինում ոչ ոք չէր տեսել:


Այնուհանդերձ՝ վերջին շրջանում 2 պետությունների ղեկավարները նախընտրել են մի կողմ դնել ռազմաշունչ հայտարարությունները: Մասնավորապես՝ Կիմ Չեն Ընն ասել է, որ պատրաստ է միառժամանակ հետաձգել Գուամին հարվածելու որոշման իրականացումն ու տեսնել, թե ԱՄՆ-ն իրեն ինչպես կդրսևորի, իսկ Թրամփը հավանություն է տվել այս որոշմանը: