Հրվ. Կորեայի նախագահը կոչ է արել բանակին պատրաստ լինել ԿԺԴՀ-ի հնարավոր սադրանքներին

16:27 • 23.08.17

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ընը կոչ է արել երկրի տարածքում համատեղ զորավարժությունների մասնակցող Հարավային Կորեայի բանակին և ամերիկացի զինծառայողներին պատրաստ լինել ԿԺԴՀ-ի կողմից հնարավոր սադրանքին: Այդ մասին հայտնում է Yonhap գործակալությունը:


«Ես խնդրում եմ ձեզ ամբողջովին պատրաստ լինել պաշտպանության, եթե Հյուսիսային Կորեան հերթական սադրանքը գործի զորավարժությունների ժամանակ»,- ասել է Մուն Չժե Ընը ռազմական հրամանատարական կենտրոն այցելության ժամանակ:


Կորեական թերակղզում իրավիճակը չափազանց լարված է մնում: Հուլիսին ԿԺԴՀ-ն երկու անգամ բալիստիկ հրթիռների փորձարկումներ է իրականացրել, ինչը սուր արձագանք է ստացել ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի կողմից:


Ավելի վաղ հաղորդվել է, որ Միացյալ Նահանգներն ու Հարավային Կորեան «Ըլչի-Ֆրիդոմ գարդիան» անվամբ համատեղ տասնօրյա զորավարժություններ են սկսում: Չնայած ԱՄՆ-ն և Հարավային Կորեան պնդում են, որ զորավարժությունները պաշտպանական բնույթ են կրում, ԿԺԴՀ-ն դատապարտել է դրանց անցկացումը՝ նախազգուշացնելով, որ դրանք կարող են հանգեցնել աղետալի հետևանքների: Փհենյանում վստահ են, որ զորավարժությունների նպատակը Հյուսիսային Կորեայի տարածք ներխուժման նախապատրաստումն է:


Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունն ավելի վաղ հայտարարել էր, որ Փհենյանն ուսումնասիրում է ցանկացած պահի գործողության միջին և մեծ շառավղով «Հվասոն -12» հրթիռներով Գուամ կղզում Միացյալ Նահանգների ռազմաբազաներին հարվածելու վերաբերյալ ծրագիրը: Սրան ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել էր, որ Գուամին հարվածելու դեպքում, ԱՄՆ-ն Հյուսիսային Կորեայի հետ այնպիսի բան կանի, որ նախկինում ոչ ոք չէր տեսել:


Այնուհանդերձ՝ վերջին շրջանում 2 պետությունների ղեկավարները նախընտրել են մի կողմ դնել ռազմաշունչ հայտարարությունները: Մասնավորապես՝ Կիմ Չեն Ընն ասել է, որ պատրաստ է միառժամանակ հետաձգել Գուամին հարվածելու որոշման իրականացումն ու տեսնել, թե ԱՄՆ-ն իրեն ինչպես կդրսևորի, իսկ Թրամփը հավանություն է տվել այս որոշմանը: