Հնդկաստանում քարերի նետման տոնի ժամանակ 460-ից ավելի մարդ է տուժել (տեսանյութ)

11:43 • 23.08.17

Հնդկաստանի Պանդհուրնա շրջանում կայացել է քարերի նետման ամենամյա տոնը՝ Գոտմարը, որի ժամանակ տուժել է ավելի քան 460 մարդ:

Ինչպես հայտնում է India Today-ը, նրանցից 10-ի վիճակը ծանր է, 3-ինը՝ ծայրահեղ ծանր:

Ոստիկանության փոխանցմամբ՝ իրավապահները ստիպված են եղել արցունքաբեր գազ կիրառել փառատոնի մասնակիցների դեմ, քանի որ ամբոխը գնալով ավելի անկառավարելի է դարձել:

Աղբյուրը մանրամասնում է, որ Գոտմար տոնի ժամանակ Սավարգաոն և Պանդհուրնա շրջանների բնակիչները հավաքվում են Ջաամ գետի մի ափին: Մասնակիցների մի մասը մտնում է ջուրը, որպեսզի հասնի գետում գտնվող կղզու ծառերից մեկին ամրացված դրոշակին: Մինչ մարդիկ լողում են, ափին գտնվող մասնակիցները նրանց ուղղությամբ քարեր են նետում:

Տոնը նշվում է արդեն 300 տարի: Ավանդության համաձայն՝ Պանդհուրնայից մի երիտասարդ Սավարգաոնից աղջիկ է փախցրել ու նրան գետով տարել իր հետ: Երբ զույգը մտել է ջուրը, աղջկա համագյուղացիները նրանց ուղղությամբ քարեր են նետել: