Եթե Հայաստանին Ղարաբաղը կորցնելու վտանգ սպառնա, Ռուսաստանը կկորցնի ողջ Հարավային Կովկասը. Անդրանիկ Միհրանյան

12:57 • 27.08.17

Ռուսաստանցի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնում է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքին, դրա դեմ ինչ-ինչ պրոհայկական լոբբիստական խմբերի աշխատանքին, Հայաստանում ռուսաց լեզուն երկրորդ լեզու հռչակելու ենթադրյալ փորձերին և հայ-ռուսական հարաբերություններում առկա այլ մտահոգությունների:  

- Պարո՛ն Միհրանյան, տպավորություն կա, որ ռուսաստանյան քաղաքագետները վերջերս գնալով կոշտացնում են իրենց դիրքորոշումները Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքական հարցերի շուրջ: Մի տեսակ ավելի ուլտիմատիվ տոնայնությամբ են սկսել խոսել: Մեջբերում եմ նրանցից մեկին, որ, օրինակ, ռուս-ամերիկյան այս սառը պատերազմի ժամանակ Հայաստանի համար, ըստ էության, վերջացել են կոմպլեմենտար քաղաքականության ժամանակները: Որ Հայաստանը պետք է հասկանա՝ ով է թշնամին, ով՝ բարեկամը: Տեսակետ կա, որ սա Կրեմլի ջղաձիգ արձագանքն է Հայաստանի կողմից Եվրոպական միության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության շրջանակային համաձայնագրի հնարավոր ստորագրմանը: Նման միտում տեսնո՞ւմ եք:

-Դրանք կարող են լինել ուղղակի ծախու փորձագետներ և «քաղաքագետներ», որոնք, ելնելով իրենց շահերից ու կապերից, կարող են այս կամ հայտարարությունն անել: Ես կարծում եմ՝ դրանք լուրջ ընդունելը և դրանցից ելնելով լուրջ հետևություններ անելը կլինի շատ նաիվ: Նման հայտարարություններ անում են ՌԴ արտաքին գործերի նախարարը, նրա ներկայացուցիչը: Կամ նման հայտարարություններ անում են ավելի լուրջ կառույցներում աշխատող մարդիկ: Եվ գուցե այս դեպքում կարելի է ավելի լուրջ վերաբերել դրանց ու փորձել հասկանալ, թե ինչ կնշանակեր այս կամ այն հայտարարությունը, որտեղից է քամին փչում, որ ուղղությամբ և ինչ հետևանքներ կարող է ունենալ: Ադրբեջանական կողմը մեծ գումարներ է ծախսում, որպեսզի ստեղծի և՛ լոբբիստական ճնշման ուժ տարբեր երկրներում, և՛ մյուս կողմից, որպեսզի, այո, գնի որոշ չափով հայտնի և ազդեցություն ունեցող քաղաքագետների, որոնք կարող են այս կամ այն կապակցությամբ պրոդրբեջանական գիծը տանել այս կամ այն երկրում: Կան որոշ մարդիկ, որոնց ճանաչում էի, որոնք զբաղվում էին այդ գործերով: Հայ լոբբիստները նույնպես լուրջ աշխատանք են տանում, և այդ աշխատանքը միշտ չէ, որ երևում է: Ի դեպ, լոբբիստներ կան, որոնց մասին որքան քիչ գրվի, այնքան լավ:

-Ասում եք՝ շատերը գործ են անում, բայց չեն բարձրաձայնում: Օրինակ՝ Ձեզ հայտնի է, որ հայաստանցիներին ամենաշատը հուզում է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցը: Ձեզ հայտնի՞ է, որ մեր այդ լոբբիստները, օրինակ,Կրեմլին մերձ շրջանակների հետ փորձում են աշխատել, թե՞ բավարարվում են, ինչպես Արա Աբրահամյանը, Պան Գի Մունին բաց նամակ գրելով:

-Կարծում եմ՝ սրանք նամակների հետ կապ չունեցող բաներ են: Եվ համաձայն իմ որոշ տվյալների՝ կան մարդիկ, որոնք իրենց դրամական հնարավորություններով և անձնական կապերով են փորձում այդ ուղղությամբ անել ավելի լուրջ գործեր: Բայց, իհարկե, մնում է հարցը: Այս պրոբլեմը տասնյակ անգամ քննարկվել է նաև ռուսական պետական գործիչների հետ ամենաբարձր մակարդակով. նրանք էլ իրենց հայտարարություններն են արել այս կապակցությամբ: Ի վերջո, ամեն ինչ գալիս, հանգում է նրան, որ այդ զենքի վաճառքի պրոբլեմը մի քանի հարթությունների վրա է: Ռուսական կողմի դիրքորոշումն էլ՝ և՛ Պուտինի, և՛ Լավրովի, և՛ Ռոգոզինի, բացատրություններն այն են, որ, իհարկե, այդ զենքը Ռուսաստանը վաճառում է Ադրբեջանին, բայց, համենայնդեպս, Մոսկվայում չեն մոռանում, որ զենքը վաճառելու հետ միասին նրանք այդ տարածքում ունեն ստրատեգիական դաշնակից, որը զգալի չափով օգնություն է ստանում Ռուսաստանի կողմից և անհրաժեշտության դեպքում, իհարկե, Հայաստանի առաջ պարտավորություններ կան՝ անվտանգության ապահովման իմաստով: Եվ, իհարկե, Մոսկվան անտարբեր չի լինի և չի թողնի, որպեսզի այդ տարածքում մեծ պատերազմ լինի, որի դեպքում իր դաշնակիցը կարող է ունենալ լուրջ պրոբլեմներ: Անձամբ այդ հարցը մի քանի անգամ բարձրացրել եմ տարբեր մակարդակներով՝ ամենաբարձր: Եվ իհարկե, միակ բանը, որ ինձ, համենայնդեպս՝ որպես փորձագետի ու մարդու, ով մոտ է կանգնած քաղաքական ամենատարբեր շրջանակներին ու քննարկումներին, հետաքրքրում է, թե հասկանո՞ւմ են Ռուսաստանում՝ այդ զենքի վաճառքից հետո տարածաշրջանում ինչ բալանս է ստեղծվում և այն ինչ աստիճանի վտանգ կարող է ներկայացնել ստրատեգիական դաշնակցի համար: Իհարկե, կարելի է փող աշխատել, բայց կա՞ նաև գիտակցումը, որ փող աշխատելուց բացի ուրիշ այլ պրոբլեմներ կան, որոնք կարող են բերել անդառնալի հետևանքների: Եվ պետք է ասեմ, որ անցյալ տարվա ապրիլյան 4-օրյա պատերազմից հետո այդ ըմբռնումը գոնե ես զգացել եմ: Իմ անձնական զրույցների  ու քննարկումների մակարդակով: Այսինքն՝ հասկացողություն կա, որ այդ բալանսը խախտվել է, և վտանգավոր իրավիճակ է ստեղծվել, որովհետև, ի վերջո, ինչպես մի քանի անգամ ասել եմ՝  Ռուսաստանի համար Հարավային Կովկասում բանալին ոչ թե Բաքվում է կամ Թիֆլիսում, այլ Հարավային Կովկասում Ռուսաստանի ներկայության համար բանալին գտնվում է Երևանում և Ստեփանակերտում:Եթե հայկական կողմն ունենա պրոբլեմներ և ենթադրենք՝ նրանք սպառնա ծանր վտանգ՝ Ղարաբաղը կորցնելու, այդ դեպքում Ռուսաստանը կունենա ծանրագույն պրոբլեմներ Հայաստանը կորցնելու առումով: Եվ դրա հետ միասին՝ ողջ Հարավային Կովկասը, իր «ոտքի տեղը» Հարավային Կովկասում:  Որոշ ստրատեգիական մտածող մարդիկ սա լավ հասկանում են: Եվ, իհարկե, ես՝ ելնելով արցախյան հարցի երկարատև պատմության իմ վերլուծություններից, հասկացել եմ, որ եթե  Ադրբեջանը հանկարծակի, կայծակնային հնարավոր «բլից կրիգի» հետ կապված հնարավորություններ չունենա, այսինքն՝ 1-2- 3 օրում կարողանա լուծել Ղարաբաղյան հարցը՝ ուժի կամ զենքի միջոցով, ապա տարածաշրջանում երկարատև պատերազմելու հնարավորություն չի ունենա՝ այն  սկսելու ու շարունակելու: Եվ ինձ թվում է, որ այդ հավասարակշռությունը պահպանելու համար, գոնե ես այդպես եմ տեսնում, կա պատասխանատու ռուսական պետական կառույցների ղեկավարության կողմից:

-Պարո՛ն Միհրանյան, զենքի վաճառքի պատճառով ակնհայտ է, որ Հայաստանում կան որոշ հակառուսական տրամադրություններ: Նաև կա մտավախություն, որ փորձ է արվում Հայաստանում ռուսերենը երկրորդ  պետական լեզու դարձնել: Սրա համար, Ձեր գնահատմամբ, օբյեկտիվ հիմքեր չկա՞ն:

-Շատ խորը սկեպսիսով եմ վերաբերում այդ մտացածին խոսակցություններին, որոնք ժամանակ առ ժամանակ առաջ են գալիս Հայաստանում՝ լեզվի հետ կապված: Ոչ մեկը Ռուսաստանում  նման ցանկություն չունի՝ պարտադրել ռուսաց լեզուն Հայաստանին: Թեպետ, եթե Հայաստանում ռուսաց լեզուն զարգանա և ներկա լինի, դրանում լավից բացի ոչ մի վատ բան չեմ տեսնում: Ու նորից եմ կրկնում՝ այսօր Ռուսաստանում խելագար չկա, որ պետք է ստիպի որևէ հանրապետության նման բան անել: Ինձ թվում է, որ որոշ խմբեր հակված են դեմոնացնելու Ռուսաստանը և չգիտես ինչ շահերից ելնելով՝ փորձել հակառուսական տրամադրություններ ստեղծել՝ օգտագործելով մի կողմից զենքի, մի կողմից լեզվի հարցը: Ես կրկնում եմ՝ ելնելով նաև պետական ղեկավարների հետ անձնական հանդիպումների բովանդակությունից, որ ինչ-որ հանգամանքներ կարող են տագնապ առաջացնել, բայց սրանք շատ դեպքերում չափազանցվում են և ավելի, քան իրականության մեջ:

 

Եթե Հայաստանին Ղարաբաղը կորցնելու վտանգ սպառնա, Ռուսաստանը կկորցնի ողջ Հարավային Կովկասը. Անդրանիկ Միհրանյան