ՌԴ-ն ՀՀ-ին պարտադրում է հետ կանգնել հետաքննության մեխանիզմներից և այդ իր արածը շատ թանկ ծախում է Ադրբեջանին. Մ. Սարգսյան (տեսանյութ)

19:04 • 30.10.17

Ռուսաստանը Հայաստանին պարտադրում է հետ կանգնել հետաքննության մեխանիզմներից և այդ իր արածը շատ թանկ ծախում է Ադրբեջանին: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Մանվել Սարգսյանը: Ըստ նրա՝ վերջին շրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային հանդիպումները ավելացել են, որովհետև դրանք օդի պես պետք են Ադրբեջանին: Հիշեցնենք, որ ըստ Ադրբեջանի արտգործնախարարի՝ նոյեմբերի կեսերին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդիպելու են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ: «Ադրբեջանը բանակցելու չի գալիս, երբևէ ոչ բանակցել է, ոչ էլ բանակցելու է: Նրանց այդ հանդիպումները պետք են, որովհետև դրա միջոցով նրանք փորձում են բոլոր պարտադրանքները, որ միջազգային հանրությունը ապրիլյան պատերազմից հետո առաջ բերեց, դրա տակից դուրս գալ»: Նրա խոսքով՝ Արցախի սահմանին հետաքննության մեխանիզմների ներդնումը օրակարգից դուրս հանելու համար Ադրբեջանը կգնա բոլոր հնարավոր քայլերին. «Հայաստանը շատ կարևոր բաներ է ասել, որ միջազգային հանրությունը պաշտպանել է: Հետո ՀՀ-ում, պարզ է՝ Ռուսաստանի պարտադրանքով, շատ հանգիստ սկսեցին հետ կանգնել այս ամեն ինչից: Հետո էլ Ռուսաստանը այդ իր արածը շատ թանկ ծախում է Ադրբեջանին»,- նշեց քաղաքագետը:

-Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ադրբեջանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԼՂ հակամարտությունն արնահոսող վերք է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի համար: Ըստ Ձեզ՝ սրանով Էրդողանը ինչ է փորձել հասկացնել, ինչ ենթատեքստ ունի այս հայտարարությունը:

-Նորություն չկա այստեղ, ուղղակի պետք է տեսնել, թե ինչ քաղաքական համատեքստում դա արվեց: Ցանկացած թուրք պաշտոնյա, ով գալիս է Բաքու, նա պարտադիր ինչ-որ հայտարարություն պետք է անի: Պարզ է այս տեքստերը հիմնականում Բաքուն է պահանջում: Բայց ինչու է սա էական, կարող է թվալ, թե դա ոչ մի նշանակություն չունի, բայց իրականում սա շատ կարևոր է Ադրբեջանի համար: Թուրքիայի համար դա կարող է բարի կամքի դրսևորում լինել ընդամենը, բայց ինչու են բոլորը դա անում, որովհետև Ադրբեջանը աշխարհի հետ խոսելով իր իրավունքների մասին, հենվում է ընդամենը մեկ փաստի վրա, որ ձևականորեն Լեռնային Ղարաբաղը ճանաչված է Ադրբեջանի մաս: Գնալով աշխարհում շատ քչերն են լուրջ վերաբերում դրան, դե ֆակտո դրան ոչ մեկ տեղ չի տալիս, սակայն արդեն դե յուրե մենք տեսնում ենք լուրջ գործընթացներ: Այսինքն, Ադրբեջանը լրջորեն մտահոգված է, որ այս իրավունքը կարող է կասկածի տակ դրվել: Իսկ եթե Ադրբեջանի իրավունքը Ղարաբաղի վրա կասկածի տակ դրվի, ապա դրա հետ միասին կասկածի տակ է դրվում ամենաէականը՝ օրինական զենք կիրառելու Ադրբեջանի իրավունքը: Դրա համար տարբեր տեղերից հնչում են հայտարարություններ` ի օգուտ Բաքվի, մենք պետք է գնահատենք այս պրիզմայով, սա շատ լուրջ քաղաքականություն է: Վերջին 25 տարիներին նրա վարած քաղաքականությունը հենց սրան է ուղղված, որ այս իրավունքը իր ձեռքում պահի:

-Թուրքիայի նախագահը նույն այդ հարցազրույցում ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ավելի ակտիվացնի իր աշխատանքը հակամարտության կարգավորման ուղղությամբ: Նախկինում Թուրքիան ԼՂ հակամարտության միջնորդ դառնալու փորձեր է արել, որոնք ձախողվել են:Կարո՞ղ ենք սա էլ հակամարտության միջնորդության փորձ անվանել:

-Թուրքիան շատ լավ գիտի, որ երբեք էլ միջնորդ չի կարող լինել: Եվ շատ լավ գիտի, որ Մինսկի խմբում նա պարբերաբար ստիպված է ընդունել այն ձևակերպումները, որոնք արվում են, և դրանք միշտ չէ, որ Ադրբեջանին օգտին են լինում: Բարդ վիճակում է Թուրքիան, Ադրբեջանում նրան անընդհատ պետք է հարցնեն՝ ինչու Մինսկի խմբում դուք համաձայնեցիք այս կամ այն մոտեցման հետ: Օրինակ` Մինսկի խումբն էլ է ընդունել, որ պետք է Վիեննայի որոշումները ընդունվեն, փաստորեն, Թուրքիան էլ է դա ընդունել: Սրանք ուղղակի ձևեր են, այս բոլոր տեքստերը Ադրբեջանն է տալիս, Էրդողանն էլ կրկնում է: Ծառայություն են մատուցում Ադրբեջանին:

-Կայացավ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացման արարողությունը: Ըստ պաշտոնական տվյալների՝ Հայաստանը շրջանցող շուրջ 900 կիլոմետր երկարությամբ այդ երկաթուղով  հնարավոր կլինի տարեկան 17 մլն տոննա բեռներ, 1 մլն ուղևոր տեղափոխել: Սա ի՞նչ վտանգ է ներկայացնում Հայաստանի համար, և ՀՀ-ի կողմից երկաթուղու հակաքայլը որը պետք է լինի:

-Բնական է, այդ երկաթուղին լինելու է այն քաղաքականության մեջ, որը գոյություն ունի Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքականության մեջ: Նրանք պետք է ամեն կերպ խոչընդոտեն, որ Հայաստանը չօգտվի ոչ մի բանից, պետք է ամեն ինչ անեն Ադրբեջանի ռազմական պոտենցիալը ուժեղացնելու համար: Անպայման Վրաստանի հետ բանակցություններ են լինելու և համաձայնություն է լինելու, որ ռազմական օգնություն ցուցաբերվի Ադրբեջանին: Այս ամենը լինելու է, բայց կարևոր է, թե Հայաստանն ինչ է արել մինչև հիմա: Որևէ բան չի արել: Հայաստանը երբևէ ինչ-որ դիրքորոշում հայտնե՞լ է այս հարցում, երբեք: Անլուրջ խոսակցություններ էին, որ դա որևէ նշանակություն չունի, դա երբեք չի լինելու: Սա ինձ այնքան չի զարմացնում, Հայաստանի լեզուն այդքան երկար չէ, բայց վերցնենք հայ-իրանական հարաբերությունները: 25 տարում ինչ է արվել այս ուղղությամբ, բաց ճանապարհ է դեպի ամբողջ արևելք: Հիմա ծիծաղելի մակարդակում են երկու երկրների հարաբերությունները: Այսինքն, էական չեն հնարավորությունները և վտանգները, էական է, թե դու ինչ ասելիք ունես: Ոչ մի ասելիք ոչ այն ուղղությամբ, ոչ՝ այս: Զարգացումներ են ընթանում, և Թուրքիան ու Ադրբեջանը իրենց խնդիրները լուծում են: Հայաստանն էլ հազար ու մի բան ինքը ուներ, բայց ոչ մի բան չի անում: Տարրական՝ Իրանից գազի խնդիրը, անգամ դա չենք լուծում: Հայաստանը անգամ սարսափում է Ղարաբաղի անկախությունը ճանաչել, ինչի՞ մասին է խոսքը:

-Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, նախատեսվում է, որ նոյեմբերին էլ ԵՄ-ի հետ է համապարփակ գործընկերության համաձայնագիր պետք է կնքվի: Կարո՞ղ ենք համեմատել Հայաստանի կողմից իրականացվող գործընթացները, և Ադրբեջանի ու Թուրքիայի նախաձեռնած երկաթուղու շահագործումը:

-Ցանկացած տեղ կարևոր է, թե դու ինչպես ես քեզ պահում, հնարավորությունները որոնք են: Ռուսաստանի վարչապետը վերջերս Հայաստանում էր, նա պարզ ու հստակ ասում էր՝ մենք հետաքրքրություն ունենք Մեղրիի ազատ առևտրի գոտում, Իրանի հետ: Եվ նման մոտեցումը, որ Հայաստանում կա, որտեղ էլ ուզում եք ինտեգրվեք, ոչ մի բան էլ չեք ստանալու: Ես Իրանի հետ հարաբերությունների զարգացումը հենց այնպես օրինակ չբերեցի: Ինչ լավ հեռանկարներ կան Իրանի ուղղությամբ, բայց եթե դու դա չես անում, անընդհատ մերժում ես, ինչ նշանակություն ունի՝ որ միությունում ես: Երբևէ Հայաստանում, այսպես ասած, տեր կանգնելու ձգտում չի եղել:

-Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ նոյեմբերի կեսին կկայանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ:  Վերջին շրջանում արտգործնախարարների և նախագահների մակարդակով հանդիպումների ավելացումը ինչ հետ կկապեք:

-Ադրբեջանին օդի պես պետք են բանակցությունները, ձևական: Նրանք չեն գալիս բանակցելու: Երբևէ ոչ բանակցել են, ոչ էլ բանակցելու են: Նրանց այդ հանդիպումները պետք են, որովհետև դրա միջոցով նրանք փորձում են բոլոր պարտադրանքները, որ միջազգային հանրությունը ապրիլյան պատերազմից հետո առաջ բերեց, դրա տակից դուրս գալ: Ժնևի հանդիպումն էլ Ալիևին դրա համար էր պետք, նա չի եկել, որպեսզի այնտեղ որևէ մեկի հետ խոսի, նա խոսելու թեմա էլ չունի: Նա եկել է դրանով ասելու, որ նման պարտադրանք մենք չունենք, որովհետև Ադրբեջանի համար հետաքննության մեխանիզմների ներդնումը մահացու կլիներ նրա համար: Դա պարտություն կլիներ Ադրբեջանի համար: Դա այնպիսի մեխանիզմ է, որը ասպարեզից հանելու համար Ադրբեջանն ինչ քայլի ասես կգնա և հասնում է դրան, շատ մոտ է դրան: Այսինքն` Ադրբեջանը պետք է ասի՝ ամեն ինչ հանգիստ է, ում են պետք այդ մեխանիզմները, Հայաստանը բանակցում է և այլն, որ տակից դուրս գա: Սա շատ պարզ, հասկանալի, հստակ քաղաքականություն է:

-Հայաստանի դիրքորոշումը ինչպիսի՞ն պետք է լինի՝ մինչև հետաքննության մեխանիզմները չներդրվեն, բանակցությունների չգնա՞:

-Իհարկե: Հայաստանը շատ կարևոր բաներ է ասել, որ միջազգային հանրությունը պաշտպանել է, դա գիտեք ինչ կարևոր է: Հետո Հայաստանում, պարզ է՝ Ռուսաստանի պարտադրանքով, շատ հանգիստ սկսեցին հետ կանգնել այս ամեն ինչից: Հետո էլ Ռուսաստանը այդ իր արածը շատ թանկ ծախում է Ադրբեջանին: Այստեղ էլ օգտվողները շատացել են, հասկանալի է, որ դրա դիմաց մի բան էլ իրենք կստանան: Ազգային շահը կտան, բայց անձնական շահը կունենան:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

ՌԴ-ն ՀՀ-ին պարտադրում է հետ կանգնել հետաքննության մեխանիզմներից և այդ իր արածը շատ թանկ ծախում է Ադրբեջանին. Մ. Սարգսյան (տեսանյութ)