Արցախի հարցը լուծվելու է ցավալիորեն անխուսափելի պատերազմով. միջնորդներն ինչպես ամուլ գործել են, այդպես էլ ամուլ շարունակելու են լինել. քաղաքագետ
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում եվրոպացի պատգամավորների հարցերին ՀՀ արտգործնախարարի հնչեցրած պատասխաններին, ինչպես նաև ԼՂ խնդրի կարգավորմանը, ասում է, որ որևէ դեպքում ռուսական զորքերը Հայաստանն Ադրբեջանից չեն պաշտպանելու։ Նա նաև նշում է, որ հարձակման դեպքում Կրեմլից փորձելու են ուղղակի հեռախոսազանգերով կասեցնել Նախիջևանից դեպի Երևան առաջխաղացումը: Քաղաքագետի վսահեցմամբ՝ ռուսական զորքերի միջամտությունը ռազմական առումով ընդդեմ Ադրբեջանի՝ ուղղակի անհնար է:
-ՀՀ արտգործնախարարն օրերս Եվրախորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, պատասխանելով եվրոպացի պատգամավորների հարցին, մասնավորապես, Սլովենիայից Իվո Վայգլի այն հարցին, թե ի՞նչ են անում ռուսական զորքերը Հայաստանում, իսկապե՞ս Հայաստանի ինքնավարությունը նրանց ներկայությունից է կախված, ասել էր. «Ռուսաստանը չի ստիպել մեզ տեղակայել իր զորքերը, Հայաստանն է խնդրել»: Ընդ որում, Նալբանդյանը պնդել էր՝ ռուսները հանձն են առել պաշտպանել Հայաստանը ցանկացած հարձակման դեպքում: Սակայն այստեղ ավելի կարևորն այն է, որ այս համատեքստում մեջբերել էր Ալիևի՝ Զանգեզուրի ու Երևանի մասին հայտարարությունները (որ Ադրբեջանի առաջնորդը հավակնություններ ունի անգամ մայրաքաղաք Երևանի նկատմամբ, որ եվրոպացիների համար պետք է, որ հասկանալի լինի՝ ինչ իրավիճակ է տարածաշրջանում): Ռուսական զորքի ներկայությունը՝ որպես անվտանգություն ու կայունություն ապահովող գործոն, մեկնաբանության ֆոնին որքանո՞վ էր տեղին Ալիևին հիշատակելը՝ դիվանագիտական մակարդակով, եթե անգամ սա ճշմարտություն է:
-Դիվանագիտական մակարդակով տեղին է, շատ տեղին, անչափ տեղին: Այլ հարց է, որ կոնտեքստը ճիշտ ներկայացված չէ: Որևէ դեպքում ռուսական զորքերը Հայաստանն Ադրբեջանից չեն պաշտպանելու: Ուղղակի չեն պաշտպանելու և վերջ: Փորձելու են Կրեմլից հեռախոսազանգերով կասեցնել առաջխաղացումը Նախիջևանից դեպի Երևան: Եվ շատ հնարավոր է, որ Բաքվում կիրառեն այն հնարքը, որ բազում նախագահներ կիրառել են այլ գերտերությունների ղեկավարների հանդեպ: Ուղղակի որոշակի ժամանակ՝ մինչև սեփական ռազմական օպերացիայի անդառնալիության կետը հատելը և հարմար ռազմավարական դիրքեր գրավելը, չեն պատասխանել այդ զանգերին: Ռուսական զորքերի միջամտությունը ռազմական առումով ընդդեմ Ադրբեջանի՝ ուղղակի անհնար է: Դրանք կշարժվեն և կդիրքավորվեն Երևանի մատույցներում՝ այն էլ՝ միայն կանխելու համար ադրբեջանական բանակի մուտքը մայրաքաղաք, եթե, հանկարծ, մի մղձավանջային սցենարով դեպքերն այդպես զարգանան:
Այնպես որ, չգիտեմ, Նալբանդյանը հավատո՞ւմ է իր այդ փաստարկին, թե ոչ, բայց իրական պատկերը հասկանալի է ոչ միայն յուրաքանչյուր նախարարի, այլև՝ յուրաքանչյուր պարզ քաղաքացու:
Ինչ վերաբերում է Ռուսաստանին խնդրելուն, ապա դա սեփական երկրի երեսը փրկելու համար է ասվել: Այդտեղ նույնպես Նալբանդյանը դիվանագիտական միակ ելքն է գտել և բարեհաջող դուրս բերել Հայաստանին նեղ հարցադրումից: Թե ով և որքան է այդ փաստարկին հավատացել, դա դարձյալ այլ խնդիր է:
-«Ղարաբաղյան խնդիրը հայտնվել է փակուղում, և այս իրավիճակում անհրաժեշտ է, որ Հայաստանի ու Ադրբեջանի կառավարություններն ավելի շատ ջանքեր գործադրեն»,-հայտարարեց եվրոպացի պատգամավորներից մեկը, ինչին ի պատասխան՝ Նալբանդյանը պնդեց՝ Բաքուն փորձում է տարանջատել սեղանին դրված առաջարկները, մինչդեռ համանախագահները դրանք դիտարկում են մեկ ամբողջությամբ մեջ: Այս ընդգծումն ու սկզբունքների վերահաստատումը՝ Ղարաբաղի վերջական կարգավիճակ ՝ պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտությամբ, միջանկյալ կարգավիճակի ճանաչում՝ միջազգային հանրության կողմից, Լաչինի միջանցք, անվտանգության բազմաշերտ երաշխիքներ, խաղաղապահ ուժերի տեղակայում, հողերի վերադարձ, ընդամենն ընդգծում էր այն, որ Երևանը կառուցողակա՞ն է, Երևանը պատրա՞ստ է և այսպես շարունա՞կ:
-Այն, ինչ պնդել է այդ եվրոպացի պատգամավորը, տարրական և շարքային տգիտության արդյունք է: Եվ տգետ կլիշեներով է մտածում եվրոպացի քաղաքական գործիչների մի հսկայական զանգված: Դա տխուր հանգամանք է, բայց վաղուց դադարել է զարմացնելուց: Հիմա զարմանալի է, երբ մարդիկ իրական պատկերին են տիրապետում և ունեն բավարար ինտելեկտ՝ ճշմարտությունը հասկանալու համար:
Հիմա՝ պատասխանի մասին. այդ ամբողջ տեսությունը և թեզերը Հայաստանի համար ինքնասպանական են: Դա՝ եթե բնորոշենք միայն մինիմումով: Եվ դրանց հեղինակը նույնպես Նալբանդյանը չէ, առաջին նախագահն է: Նալբանդյանը փորձում է դրանց դիվանագիտական ծխածածկույթ հաղորդել և համապատասխան հիմնավորումներ ապահովել: Հատկապես զավեշտալի են «անվտանգության բազմաշերտ երաշխիքներ» և «խաղաղապահ ուժերի տեղակայում» գաղափարները: Գոյություն չունեցող և մեծապես վարկաբեկված ուտոպիստական այդպիսի գաղափարների, կարծեմ, հիմա միայն Հայաստանում են դեռևս հավատում, թերևս մի քանի հոգի՝ ՄԱԿ-ի քարտուղարությունում: Անվտանգության որևէ երաշխիք արդի աշխարհում գոյություն չունի: Դրանք այլևս աղբանոց նետված գաղափարներ են միջազգային քաղաքականության մեջ: Չկան այդպիսի երաշխիքներ, չկան երաշխավորներ, եթե անգամ տասը կնիքով և ստորագրությամբ երաշխիքներ տրամադրեն: ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և այլք գրավոր երաշխիքներ էին տրամադրել Ուկրաինային՝ պաշտպանելու նրա տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը, եթե Ուկրաինան հրաժարվի խորհրդային իր միջուկային զենքի պաշարներից:
Ուկրաինան հրաժարվեց և տարիներ անց կորցրեց Ղրիմն ու իր արևելքի մի մասը: Նախագահ Բուշն անձնական երաշխիքներ էր տվել Սահակաշվիլիին Օսիայի հարցում: Սահակաշվիլին ռազմական արշավ սկսեց, որն ավարտվեց ռուսական երթով դեպի Թբիլիսի: Սարկոզին հազիվ կարողացավ կասեցնել Թբիլիսիի երկրորդ անկումը: Եվ այդպես շարունակ: Երաշխիքները՝ կնքված անձնական մատանիներով, պետական մեծ կնիքներով, թագավորների ու նախագահների երդումներով և փաստաթղթերի համբույրներով, ոչ մի արժեք չունեն իրականում, հատկապես Մերձավոր Արևելքի տարածաշրջանում, որտեղ չի գործում պատերազմի որևէ օրենք, և որտեղ բիրտ ուժը որոշում է ամեն ինչ:
Երաշխիքների այդ միֆը ոչինչ է, օդ, որում սավառնող օդապարիկով Երևանում այնքան հեռու են գնացել, որ «միացում»-ով սկսված Արցախյան շարժումը վերածել են «անջատում»-ով ավարտվող Արցախի կեղծ և ամոթալի անկախության, որովհետև հեքիաթ է կազմվել, թե Արցախի ճանաչմամբ այլևս Ադրբեջանի համար անհնար կլինի դրա վրա հարձակվելը: Իսկ Եմենում այս օրերին ի՞նչ զորքեր են կռվում: Սաուդական բանակն ու ողջ օդուժը: Խորհրդային Միությունն ինչպե՞ս մտավ սուվերեն և ճանաչված Աֆղանստան: Կոալիցիան ինչպե՞ս գրավեց սուվերեն և հզոր բանակ ունեցող Իրաքի մայրաքաղաք Բաղդադը և սեփական մի անհայտ ու գաղափար չունեցող մի դեսպանի կարգեց որպես ողջ երկրի ժամանակավոր կառավարիչ: Այդ ինչպե՞ս հարևան պետությունը Սոմալի մտավ՝ հասնելով գրեթե մայրաքաղաք: Ինչպե՞ս են Սիրիայի ողջ հյուսիսում հայտնվել թուրքական, ամերիկյան, ֆրանսիական, բրիտանական և այլ ռազմական ուժեր, իսկ հիմնական վերահսկողությունը գտնվում է Թուրքիայի ձեռքում: Արդյո՞ք Սիրիան սուվերեն երկիր չէ, որ Ռուսաստանի մերձավորագույն դաշնակիցն է ամբողջ Միջին Արևելքում: Տվե՞լ է երկարամյա ճանաչումն ինչ-որ բան այդ երկրներին: Ժամանակն է սթափվելու և զբաղվելու իրական քաղաքականությամբ: Հեքիաթներով հայերը միայն իրենք իրենց են խաբում: Եվ դրա գինն էլ միայն հայերն են վճարելու:
-Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան հայտնել է, որ ԱՄՆ-ը կանի ամեն հնարավոր բան Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար: Որպես հակամարտության կարգավորման հարցում միջնորդ երկիր՝ ԱՄՆ-ը անում է հնարավոր ամեն բան՝ խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու, հակամարտող կողմերի հանդիպումներ կազմակերպելու նպատակով: Սրանք և՞ս հերթապահ հայտարարություններ են, թե՞ ամերիկյան համանախագահությունը, որը, ըստ մեկնաբանների, հակահետախուզության իր զեկույցով զգուշացրեց պատերազմի մասին, փորձելու է ակտիվանա՞լ:
-ԱՄՆ Հետախուզության զեկույցը ոչ մի զգուշացում էլ չէր: Մի փնտրեք խորիմաստ գաղտնագրեր: Դա ընդամենը պարզ զեկույց էր, որ հենց այն էր՝ ինչ կար՝ զեկույց: Եթե պիտի Երևանն ամերիկյան հետախուզության զեկույցից իմանար և հասկանար, որ պատերազմն անխուսափելի է, ապա իրավիճակն իրոք ավելին է, քան ողբերգականը:
Ինչ վերաբերում է ԱՄՆ հայտարարություններին, ապա դրանք գուցե և ստանդարտ, մշտապես արվող հայտարարություններ են, բայց դրանք դրական հայտարարություններ են, որ բարի կամք են արտահայտում: Այդպիսի հայտարարություններ կատարում են նաև Ռուսաստանն ու Ֆրանսիան: Որևէ արտակարգ բան այդտեղ չկա: Եվ պետք չէ մտածել, թե դա ազդակ է ինչ-որ արտակարգ ակտիվացման: Պետք է հասկանալ, որ օր-օրի Սպիտակ տան շուրջ ստեղծվող իրավիճակներն ավելի ու ավելի լարված են դառնում Վաշինգտոնի ներքաղաքական կյանքում, իսկ Պետդեպում բազում կարևոր պաշտոններ շարունակում են թափուր մնալ: Արցախի հարցը, որ պետք է այլևս վերախմբագրել և կոչել «Հայաստանի հարց»՝ առայժմ առաջնահերթություն չէ Վաշինգտոնի համար և դժվար թե մոտ ապագայում դառնա:
Եվ հետո, դժվար է պատկերացնել մի իրավիճակ, որում ԱՄՆ-ը ստիպի Հայաստանին կամ Ադրբեջանին ինչ-որ կտրուկ քայլեր կատարել: Իսկ միջնորդության առումով ոչ մի նոր բան լինել չի կարող: Խնդիրը դիվանագիտական և խաղաղ կարգավորում, ցավոք, չունի, որքան էլ որ քաղաքական ամենատարբեր գործիչներ իրար հետևից կրկնեն այն սուտը, թե ունի: Հայաստանի հարցը լուծվելու է ցավալիորեն անխուսափելի պատերազմով: Միջնորդներն ինչպես որ ամուլ են գործել, այդպես էլ ամուլ շարունակելու են լինել:










