Խեղդվողը միշտ ձեռքը փրփուրներին է գցում, սա վրեժխնդրություն է. Անահիտ Ֆարմանյանը՝ ՇՊՀ պրոռեկտորի պաշտոնից իրեն ազատելու մասին

20:39 • 04.05.18

Շիրակի պետական համալսարանի պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը ռեկտոր Սահակ Մինասյանի ծանուցումը՝ իրեն աշխատանքից հեռացնելու մասին, գնահատում է որպես «վրեժխնդրություն»:

Tert.am-ի հետ զրույցում Անահիտ Ֆարմանյանն ասաց, որ ինքը հրապարակային պաշտպանել է բուհից անօրինաբար հեռացված դասախոսներ Գագիկ Համբարյանին և Հովհաննես Խորիկյանին, ինչից հետո էլ ռեկտոր Մինասյանը «վրեժ է լուծել» և իրեն էլ ազատել աշխատանքից:

«Այդ մարդը՝ (նկատի ունի ՇՊՀ ռեկտորին,-հեղինակ) բռնապետ է, միապետ է, որևէ կապ չունի բարձրագույն կրթության հետ, չի պատկերացնում, թե ինչ է բուհական համակարգը, նա չի ընդունում այլակարծությունը: Ես հրապարակային պաշտպանել եմ Հովհաննես Խորիկյանին ու Գագիկ Համբարյանին, ում ազատել են աշխատանքից նրա համար, որ իրենք բուհում տեղի ունեցած ապօրինություններն են բացահայտել: Ռեկտոր Մինասյանը չի պատկերացնում, որ պրոռեկտորը ևս կարող է պայքարել ապօրինությունների դեմ ու պաշտպանել նրանց, ովքեր ևս հանդես են եկել դրանց դեմ»,- ասաց Անահիտ Ֆարմանյանը:

Նա ասաց, որ բուհում կադրային փոփոխություններ են կատարվում, բուհը երկու անգամ կառուցվածքային փոփոխությունների է ենթարկվել:

«Պարոնը բուհը պատկերացնում է բիզնես կենտրոն»,- ասաց նա և խոստացավ մոտ ապագայում մանրամասն ներկայացնել, թե ինչ ապօրինությունների մասին է խոսքը:

Անահիտ Ֆարմանյանը նշեց, որ իրեն աշխատանքից ազատելու ծանուցումը մայիսի 3-ին է արվել և տեղեկացվել է, որ ինքը մայիսի 4-ից՝ մեկ օր հետո, աշխատանքից ազատվում է:

«Վստահ եմ, որ դատական կարգով կվերականգնվեն իմ աշխատանքային իրավունքները: Բուհի հավատարմագրման հիմքում կանգնած եմ եղել ես, կատարել եմ իմ աշխատանքային պարտականությունները: Ուստի դիմելու եմ պատկան մարմիններին՝ ինձ հեռացնելու համար: Խեղդվողը միշտ ձեռքը փրփուրներին է գցում»,- նշեց Անահիտ Ֆարմանյանը:

 

Խեղդվողը միշտ ձեռքը փրփուրներին է գցում, սա վրեժխնդրություն է. Անահիտ Ֆարմանյանը՝ ՇՊՀ պրոռեկտորի պաշտոնից իրեն ազատելու մասին