Եթե խաղաղ բնակավայրերի վրա մի կրակոց լինի, իրենց համար շատ վատ վերջաբան է ունենալու. Լևոն Մնացականյան. Hetq.am
Hetq.am կայքին տված հարցազրույցում Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը խոսել է սահմանին առկա իրադրության, ադրբեջանական կողմում տեղի ունեցող զորավարժությունների, հնարավոր հարձակման սպառնալիքի մասին:
Հարցազրույցը հատվածաբար ներկայացնում ենք ստորև.
-Պրն Մնացականյան, նորից կուտակումներ կան սահմանի տարբեր հատվածներում, Դուք հիմա էլ, զրույցի ընթացքում, անընդհատ էկրանին եք նայում (նախարարը էկրանիվրա տեսնում է ղարաբաղա-ադրբեջանական սահմանի յուրաքանչյուր հատվածիտեսագրող սարքերի կադրերը-հեղ.)։ Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է հարձակում լինի: Ինչու՞ է հակառակորդն այդքան ակտիվացել։
-Այս փուլում հարձակման հավանականությունը փոքր է, բայց ոչ բացառելի: Այժմ նրանք գործնական վարժանքներ են իրականացնում առաջնագծում։ Վարժում են անձնակազմը, փորձարկում են տեխնիկան, մշակում մարտավարությունը։ Այս ամենը մեզ հուշում է, որ պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման: Սահմանի տարբեր հատվածներում այժմ զորավարժություններ են, ըստտեսանյութերի` դրանք, կարծես, մեծ չափերի չեն։ Վերջին մեկ ասվա ընթացքում զորավարժությունները գրեթե չեն ընդհատվում։ Մասնակցում են տարբեր ուժեր, կարելի է ասել` ընդգրկվում են բոլոր մասնագիտական ստորաբաժանումները։ Առավել շատ ուշադրություն են դարձնում հրետանային զորամասերի զորավարժություններին։ Այս տարվա ընթացքում արդեն մի քանի անգամ անցկացրել են հրետանային զորամասերի զորավարժություններ։ Դրանք անցկացվում են ինչպես իրենց մոտակա խորքի զորավարժարաններում, այնպես էլ իրենց խոշոր զորավարժարաններում։ Այս պահին սկսել են նաև ինժեներական ստորաբաժանումների զորավարժություններ։ Այսինքն` դա մեզ թույլ է տալիս մտածել, որ նրանք նախապատրաստվում են ինչ-որ գործողությունների։ Այսօր մենք նաև դիտարկում ենք տանկային, ինժեներական և ռեզերվային ստորաբաժանումների զորավարժություններ։
-Ադրբեջանական լրատվամիջոցները ներկայացնում ձեռք բերած նոր զինատեսակները, նորից խոսում են ռազմական գործողություններով Արցախը «ազատագրելու» մասին։Հայտնի է արդեն, որ Ադրբեջանը Բելառուսից ձեռք է բերել «Պոլոնեզ» համազարկայինկրակի ռեակտիվ համակարգեր, Bell 412 ռազմական ուղղաթիռներ։ Այդզինատեսակներին դիմակայելու, դրանք ոչնչացնելու զենքեր ունի՞ ՊԲ-ն։
-Այո, իրենք ցուցադրում են, բացի «Պոլոնեզ»-ներից` իսրայելական նույնատիպ հրթիռներ են ձեռք բերել, նաև` լրացուցիչ հրետանային կայանքներ, հակատանկային միջոցներ։ Այսինքն` գիտենք, թե նրանք ինչով են համալրվել։ Ադրբեջանը շարունակում է անօդաչու սարքերի արտադրությունը, ինչպես հարվածային, այնպես էլ հետախուզական։ Նաև նորից ձեռք են բերել իսրայելական անօդաչու թռչող սարքեր։ Վերջին մեկ ամսվա ընթացքում նկատելի են դարձել ավելի խորքերում իրենց անօդաչու սարքերի թռիչքները։ Մենք, իհարկե, հետևում ենք այդ ամենին և հակամիջոցներ ենք ձեռնարկում, գործողություններ իրականացնում։ Եվ, կարելի է ասել, որ հիմնականում մեր քայլերն ուղղված են նոր ձեռք բերած իսրայելական LORA հրթիռային համակարգերի և «Պոլոնեզի» դեմ՝ մեր հակօդային ուժերը դրանք խոցելու ուղղությամբ են աշխատում։
-Կարելի՞ է ասել, որ անակնկալ հարձակում չի լինի: Այսինքն, եթե հարձակում լինի, անակնկալ չի լինելու, որքա՞ն ժամանակ առաջ եք իմանալու, եթե հակառակորդը գործողություն սկսի։
-Անակնկալ, իհարկե, չի լինի, որովհետև մենք անընդհատ հետևում ենք ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվող քայլերին: Հարցն այլ հարթությունում պետք է դիտարկել, քանի որ արդեն գործ ունենք ժամանակակից ռազմատեխնիկական հնարավորություններով օժտված հակառակորդի հետ: Սա նշանակում է, որ ի տարբերություն երեկվա, հակառակորդի նախահարձակ մտադրությունը կռահելու համար, մենք մեր տրամադրության տակ ունենալու ենք ժամեր, այլ ոչ թե օրեր: Հաշվի առնելով այս հանգամանքը, այսօր մենք մեր նախապատրաստական և կանխարգելիչ գործողություններն իրականացնում ենք հենց այդ հանկարծակիության գործոնի հաշվառումով:
-Իսկ եթե հակառակորդը խաղաղ բնակավայրերին հարվածի։
-Եթե խաղաղ բնակավայրերի վրա մի կրակոց լինի, իրենց համար շատ վատ վերջաբան է ունենալու։ Մենք դա զգուշացրել ենք մի քանի անգամ։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:










