Եթե «Լիդիան» ընկերության իրավունքները չվերականգնվեն՝ չի բացառվում, որ որևէ բաժնետեր դիմի արբիտրաժային դատարան. Արմեն Ստեփանյան (տեսանյութ)
Ընկերության թե՛ կապալառուները, թե՛ աշխատակիցները որոշեցին, որ մի բան պետք է արվի, ու այդ ակցիան տեղի ունեցավ: Այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Լիդիան» ընկերության իրավախորհրդատու Արմեն Մելքումյանը՝ անդրադառնալով կառավարության առջև տեղի ունեցած «Մենք ենք տերը հանքի» հակացույցին: Նրա խոսքով՝ իրենք էլ ուղղակի աջակցեցին այդ մարդկանց, որովհետև այդ մարդիկ էլ ունեն իրենց ձայնը տեղ հասցնելու իրավունք: Նա համոզված է, որ հանքավայրի տարածքում ընկերության լիազորության իրականացման ապահովումը կառավարության դաշտում է:
Արմեն Մելքումյանը նկատեց, որ իրենք դիմել են իրավապահ մարմիներին, սակայն իր կարծիքով՝ այս պահին ոստիկանության կողմից դրսևորվում է ոչ համաչափ գործողություններ՝ ճանապարհները բացելու առումով: Որպես իրավաբան՝ նա կարծում է, որ Ամուլսար տանող ճանապարհը փակած մարդկանց գործունեությունում կա Քրեական օրենսգրքով սահմանված որոշակի հոդվածներով սահմանված հանցակազմի դրսևորումներ. «Մենք հորդորել ենք, գրել ենք կառավարությանը, ոստիկանությանը, որ այս անձանց նկատմամբ իրականացվի օրենսդրությամբ նախատեսված գործողություններ, որպեսզի այս պահին բացվեն այդ ճանապարհները, ու ընկերությունը կարողանա իրականացնել իր աշխատանքները: Ու յուրաքանչյուր օր ընկերությունը կրում է վնասներ»,- շարունակեց Մելքումյանը:
Հարցին՝ ոստիկանների աշխատանքներից դժգո՞հ է, Արմեն Մելքումյանը դրական պատասխան տվեց:
«Այո, կարող ենք ասել, որովհետև չկան այն բավարար գործողությունները, որ իրացվեն ընկերության իրավունքները: Բացի այդ, ես ընդգծում եմ, որ այս պահին մեր 1500 աշխատակիցները չեն կարողանում աշխատել, սա մենք համարում ենք ամենաթողության նշան, այսինքն՝ կա 10-15 հոգի, որոնց գործողությունները Քրեական օրենսգրքի հանցագործություններ են, ու սա պետք է հետապնդվի, ոստիկանությունը պետք է բավարար գործողություներ իրականացնի: Իրավաբանական անձանց կողմից այդպիսի դիմում ստանալու դեպքում ոստիկանությունը պարտավոր է ապահովել մարդկանց գործունեության իրավունքը, բայց այս պահին չկան այդ բավարար գործողությունները: Վարչապետի կոչին են սպասում»,- հավելեց Արմեն Մելքումյանը:
Վերջինս նշեց, թե հանքի վնասակարության հետ կապված առարկայական խոսակցություններ չկան, ավելին՝ որոշ հայտարարություններ նա սին որակեց: Ըստ Արմեն Մելքումյանի՝ այդ հայտարարությունների մեջ չկան հիմնավորումներ, որ ընկերությունն ուժեղ ռիսկ պարունակող գործունեություն է իրականացնում:
«Նպատակն է՝ զուտ վարկաբեկել ընկերության բարի համբավը: Ընկերությունը շուրջ 12 տարի գործունեություն է ծավալում»,- ասաց Արմեն Մելքումյանը:
«Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության կայուն զարգացման գծով փոխնախագահ Արմեն Ստեփանյան էլ, համաձայնելով գործընկերոջ հետ, նշեց, թե միշտ էլ մարդիկ ունեն մտահոգ լինելու հիմքեր, մարդիկ իրավունք ունեն արտահայտել իրենց բողոքը: Սակայն նկատեց, որ միջազգային մասնագետները, որոնք ուսումնասիրել էին ընկերության փաստաթղթերն ու որոշակի վերլուծություններ արել, հանք այցելելուց հետո այլ տեսակետ են արտահայտել:
«Նրանք հանքավայր այցելեցին, իրենց տեսակետը որոշ հարցերում փոխեցին, դա փաստ է: Միջազգային մասնագետները շատ հարցերում փոխել են իրենց տեսակետը, ու որոշ հարցերում թերահավատ են մնացել»
Արմեն Ստեփանյանի խոսքով՝ միջազգային փորձագետները նշել են, որ «Լիդիան» ընկերության աշխատանքն ամբողջությամբ համապատասխանում է միջազգային սերտիֆիկատներով ենթադրվող պայմաներին:
«Նրանք չգիտեին այդ ամենի մասին, եկան, համոզվեցին: Արդարությունը կվերականգնվի, խոհեմ կգտնվեն այդ մարդիկ, ոստիկանները խոհեմ կգտնվեն, եթե չէ, ապա կա միջկառավարական ընկերության ու բաժնետերերի նկատմամբ միջկառավարական երեք համաձայնագիր, որոնց համաձայն՝ Հայաստանը ստանձնել է ներդրումների պաշտպանությունը: Յուրաքանչյուր բաժնետեր 400 մլն դոլար է ներդրել, եթե չլինեն այդ քայլերն ու գործիքակազմը, եթե չի պաշտպանվում ներդրողը, ապա ընկերությունն իրավունք է ստանում դիմելու համապատասխան արբիտրաժային դատարան՝ իր ներդրված գումարներն ու եկամուտները գանձելու նպատակով: Ընկերությունն ակնկալում է, որ կվերականգնվի արդարությունը: Մենք չենք ասում, որ ընկերությունը կդիմի դատարան, բայց չենք կարող բացառել, որ որևէ բաժնետեր կարող է դիմել»,- եզրափակեց Արմեն Ստեփանյանը:










