Մենք հասկանում ենք Սիրիայի հայկական բնակչությանն օգնելու՝ ՀՀ կառավարության ցանկությունը․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

16:32 • 13.09.18

Մենք հասկանում ենք Սիրիայի հայկական բնակչությանն օգնելու՝ ՀՀ կառավարության ցանկությունը:

Tert.am-ի հարցին ի պատասխան՝ այսպես են ասել Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատնից՝ պատասխանելով հարցին, թե ԱՄՆ-ը՝ որպես սիրիական հիմնախնդրում ներգրավված երկիր, ինչպես է վերաբերում նրան, որ ՀՀ-ն Ռուսաստանի հետ համագործակցությամբ խաղաղապահ առաքելություն է իրականացնելու Սիրիայում:

«Մենք ևս մտահոգ ենք Սիրիայի պատերազմի մարդասիրական հետևանքներով և խաղաղ բնակչության դժվարին վիճակով: Սիրիայում Հայաստանի ենթադրվող առաքելության մասին մեկնաբանություններ չենք կարող տալ, սակայն նշենք, որ Միացյալ Նահանգներն ուշադիր հետևում է Սիրիայի Իդլիբ նահանգում տիրող իրավիճակին, որտեղ երեք միլիոն անմեղ քաղաքացիական բնակչություն գտնվում է շրջապատման մեջ, ու նրանց սպառնում է հարձակում Ասադի ռեժիմի կողմից, որին սատարում են Ռուսաստանն ու Իրանը»,- ասել են դեսպանատնից:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը Ռուսաստանի հետ համագործակցության արդյունքում ՊՆ ներկայացուցիչներ է ուղարկելու Սիրիա՝ խաղաղապահ առաքելություն իրականացնելու: Նրանք գործելու են Հայաստանի դրոշի ներքո: