Ես ոչ մեկին չեմ առևանգել, ոչ մեկի գլխին ատրճանակ չեմ պահել. Սամվել Ալեքսանյանը՝ Համլետ Ղուշչյանի հայտարարության մասին
Ես ոչ մեկին չեմ առևանգել, ոչ մեկի գլխին ատրճանակ չեմ պահել: Այս մասին ԵԿՄ այսօրվա համագումարում, պատասխանելով Tert.am-ի հարցին, ասաց ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը՝ անդրադառնալով հեռուստամեկնաբան Համլետ Ղուշչյանի հայտարարությանը:
«Քրեական գործ է հարուցվել չէ՞, սպասեք: Ես ոչ մեկին երբեք չեմ առևանգել»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ հեռուստամեկնաբան Համլետ Ղուշչյանն օրերս հայտարարել էր, որ Սամվել Ալեքսանյանն իրեն առևանգել է և ատրճանակն իր գլխին է պահել: Համլետ Ղուշչյանի՝ Սամվել Ալեքսանյանի կողմից իրեն առևանգելու վերաբերյալ հայտարարության հիման վրա հարուցվել է քրեական գործ:
Սամվել Ալեքսանյանը թեմայի վերաբերյալ այլ հարցերի չցանկացավ պատասխանել:
Նշենք նաև, ԵԿՄ համագումարի սկզբում Սամվել Ալեքսանյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի կողքին էր նստած, սակայն նրան հորդորեցին հեռանալ, քանի վարչապետի անվտանգության աշխատակիցները պետք է նստեին այդտեղ:
Հարցին՝ առաջին անգա՞մ է ոտքի վրա և պատվավոր տեղերում չի նստում, Սամվել Ալեքսանյանը պատասխանեց՝ ոչ, առաջին անգամ չէ, և այս ամենն իշխանափոխության հետ կապ չունի:










