«Վնգստացող դատավորներն ինչպես վնգստացող եղել են, այնպես էլ մնացել են, այդպիսի դատավորները ձեռնտու են իշխանություններին». Լուսինե Սահակյան

21:14 • 21.04.20

Ակնհայտ է, որ իրականում չկա պայքար «վնգստացող» դատավորների դեմ, իրական պայքարը հենց այն դատավորների դեմ է, ովքեր սկզբունքային են և իշխանություների պատվերը չեն կատարում, ղեկավարվում են միայն օրենքով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատավորների վերաբերյալ հայտարարությանը, ըստ որի «վնգստացող դատավորների հերթն է գալիս, որոնք վեշերը պիտի հավաքեն»:

Ըստ փաստաբանի՝ իշխանափոխությունից հետո իշխանությունները պայքարում են արդադատություն իրականացնող դատավորների դեմ: «Եթե դրան համադրենք նաև կարգապահական վարույթի հարուցումը Ազարյանի նկատմամբ, կհասկանանք, թե որն է  իշխանությունների իրական նպատակը: Այսինքն այն հայտարարությունները, որոնք արվում են իշխանության կողմից, ըստ որի իրենք իբրև թե պայքարում են, այսպես ասած, վնգստացող դատավորների դեմ, իրական չէ: Ես գտնում եմ, որ գործադիր իշխանությունը վերջին հաշվով պետք է հասկանա, որ գոյություն ունի իշխանությունների տարանջատման սկզբունք և չպետք է միջամտի դատական իշխանության գործունեությանը»,-ասաց նա:

Լուսինե Սահակյանը նշեց, որ պետությունը պետք է ունենա դատավորներ, որոնք պետք է  արդարադատություն իրականացնեն, ոչ թե իշխանությունների կամքը: «Վերջին շրջանում տեսանք, որ կան այդպիսի դատավորներ, ցավոք, ինչպես քիչ կային, այնպես էլ քիչ մնացել են: Ոչ մի լավ զարգացում չի սպասվում: Ակնհայտ է, որ իշխանությունն ամեն ինչ անելու է, որ ձերբազատվեն իրական արդարադատություն իրականացնող դատավորներից, և իշխանության գործողությունները խոսում են այն մասին, որ դրան հասնելու համար նրանք ամեն քայլի գնում են  օրենքներ ու Սահմանադրություն ոտնահարելով»,-ասաց նա:

Խոսելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի՝ նախագահի կողմից ստորագրվելուն, որը վերաբերում է, այսպես ասած, «վեթինգին», Լուսինե Սահակյանն ասաց, որ  օրենքը նրանց անհրաժեշտ էր, որպեսզի ինչ-որ օրենքի տակ պատստպարվեն:

«Վնգստացող դատավորներն ինչպես վնգստացող եղել են, այնպես էլ վնգստացող մնացել են, այդպիսի դատավորները ձեռնտու են իշխանություններին, և կյանքը ցույց է տալիս, որ այս իշխանություններն այդ դատավորներին ավելի շատ արտոնություններ են տվել: Անգամ խոսք լինել չի կարող այն մասին, որ պատվեր կատարող դատավորները, ինչպես բնորոշում է Նիկոլ Փաշինյանը՝ վնգստցող դատավորնները, հեռանան իրենց պաշտոններից, ճիշտ հակառակն է»,-հավելեց նա: