Ցոլակ Խաչատրյանը ճանաչվել է տուժող, այլ դատավարական կարգավիճակ ունեցող որևէ անձ այս պահի դրությամբ չկա․ ՔԿ-ն՝ Դավիթ Տոնոյանի դեմ քրգործի հարուցման մասին
Պահեստազորի սպա Ցոլակ Խաչատրյանի կողմից ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի դեմ ներկայացված հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանը:
«ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 4-րդ կայազորային քննչական բաժնում հունիսի 15-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասով (դատական ակտը դիտավորությամբ չկատարելը)։ Ցոլակ Խաչատրյանը ճանաչվել է տուժող։ Այլ դատավարական կարգավիճակ ունեցող որևէ անձ այս պահի դրությամբ չկա: Նախաքննությունը շարունակվում է»,-նշեց Ռիմա Եգանյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ քաղաքացու տված հաղորդման մեջ նշվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից չի կատարվել դատարանի՝ ուժի մեջ մտած ակտը, որը վերաբերում է Ցոլակ Խաչատրյանի ամենամյա չօգտագործված արձակուրդի դիմաց դրամական հատուցմանը և դրա վրա հաշվարկվող տուգանքների վճարմանը՝ շուրջ 14 միլիոն ՀՀ դրամի չափով։










