ԿԳՄՍ նախարարությունը որդեգրել է խայտառակ և անբարո գործելաոճ, նկատելի է կրթական համակարգը քանդելու, դպրոցն ավերելու միտում. Արտակ Մովսիսյան (տեսանյութ)
ԿԳՄՍ նախարարությունը որդեգրել է խայտառակ և անբարո գործելաոճ՝ Հայոց պատմության դասագիրքը չի քննարկվել մասնագիտական շրջանակների հետ, ԵՊՀ Պատմության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմը ներգրավված չի եղել դասագրքի կազմման գործընթացում, ստեղծված հեղինակային խմբին էլ արգելել են մասնագիտական շրջանակների հետ քննարկումները: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտակ Մովսիսյանը:
«Ամերիկյան և սինգապուրյան դպրոցների մոդելները մեզ հետ համատեղելի չեն: Ե՛վ ԵՊՀ-ն, և՛ ԳԱԱ-ն, և՛ ՀՊՄՀ-ն դեմ էին արտահայտվելու այս նախագծին, եթե մեզ հարցնեին: Դասագրքերը պետք է մշակել ո՛չ ցնցումային, ո՛չ հեղափոխական սկզբունքով: 2016-ի ապրիլյան պատերազմի հերոսական սերունդը կրթվել է հենց գործող դասագրքերով, իսկ առաջարկվող նախագիծը հակակրանք է առաջացնելու սեփական պատմության հանդեպ»,- ասել է պատմաբանը:
Ըստ Մովսիսյանի՝ պատմության դպրոցական դասագրքերի առաջարկվող նախագծում չկա կոնցեպտուալ մոտեցում, խախտված է ժամանակագրության սկզբունքը, և ակնհայտ է, որ նախագիծը մշակված է անփութորեն. «Նույն թեման երկու տարբեր ձևակերպումներով ներկայացվում է իբրև առանձին թեմա, դա լրացուցիչ շփոթ է առաջացնում: Հին շրջանի որևէ մասնագետ հեղինակային խմբում չկա, համամասնությունները պահպանված չեն: Հայոց և համաշխարհային պատմության համադրում չկա, իսկ ժամանակին ավագ դպրոցում հայոց պատմությունն ուսուցանվում էր համաշխարհային պատմության համատեքստում»:
Պրոֆեսորի կարծիքով՝ պատմության դասագիրքը պետք է ազգային նկարագիր և աշխարհայացք ձևավորի, այն չի կարող բացառապես չոր ու ցամաք թվագրություն մատուցել. «Երեխան տարիներ է անցկացնում դպրոցում, և նպատակը քաղաքացի կրթելն է, արժեքային համակարգ ձևավորելը: Այս դասագրքերը զզվանք ու հակակրանք կառաջացնեն աշակերտների մեջ իրենց իսկ պատմության նկատմամբ:
Ծիծաղելի փաստական սխալներ կան, որոշ պնդումներ էլ միտումնավոր են արվում, օրինակ՝ միջնադարի աղանդավորական շարժումները ներկայացնում են իբրև ոչ պաշտոնական քրիստոնեական շարժումներ, այսինքն՝ ամեն կերպ խուսափում են աղանդ բառից»:
Արտակ Մովսիսյանի պնդմամբ՝ ԿԳՄՍՆ-ն մասնագետներին իրար դեմ է հանում, դասագրքերի մրցույթներն էլ անարդար են և ոչ թափանցիկ. «Կա կրթական համակարգը քանդելու միտում. դպրոցը մի՛ ավերեք, այն չպետք է իշխանության քմահաճույքով շարժվի: Անցած տարի պատմության դպրոցական դասագրքերի խմբագրման հատուկ հանձնաժողով ստեղծվեց, որ Թավշյա հեղափոխությունը ներառի ծրագրում: Պատմության դասագրքով՝ Նիկոլ քեռին փրկում է մեզ, ինչպես ժամանակին՝ Լենին պապին»:
Դավիթ Սարգսյան










