ԱՄՆ ներկայացուցիչը պնդում է, որ սիրիական և ռուսական ուժերը «խոչընդոտ» են ստեղծում ահաբեկչության դեմ պայքարի համար

14:33 • 12.12.20

Սիրիայի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Ջոել Ռեյբուրնն ասել է, որ Մոսկվայի և Դամասկոսի գործողությունները «բարդացնում են ահաբեկչության դեմ պայքարը Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում», հայտնում է almasdarnews.com –ը:

«Կցանկանայի նշել,որ իրենց գործողություններով Ռուսաստանի Դաշնությունն ու Ասադի ռեժիմը խնդիրներ են ստեղծում Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարելու համար, ինչը հանգեցնում է իրավիճակի սրման» – ասել է բանագնաց Ռեյբուրնը:

Նա նշել է, որ Իդլիբում ռուսական և սիրիական կողմի հարվածները ուղղված են ո՛չ թե ահաբեկիչներին, այլ քաղաքացիական ենթակառուցվածքներին և ընդդիմության թիրախներին:

«Ռուսաստանը և Ասադի ռեժիմը հարձակվում են Սիրիայի ազատ բանակի կայանների վրա, ես չեմ կարծում, որ այս կողմերը շատ բան են արել ահաբեկչության դեմն առնելու համար»,– եզրափակել է Սիրիայի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացը:

Այս մասին Ռեյբուրնը խոսել է այն բանից հետո, երբ Կոնգրեսի լսումների ժամանակ ասել էր, որ Սիրիայի զինված ուժերը չեն կարողացել նոր տարածքներ գրավել Հյուսիսային Սիրիայում: