Ատրպատականում ՝ Թավրիզում, պետք է անպայմանորեն բացվի հայկական հյուպատոսարան, որպեսզի որոշ չափով մեղմվի առկա թուրքականությունը և պանթյուրքիստական շարժումը. իրանագետ

15:08 • 14.12.20

Բաքվի շքերթին Էրդողանի հայտարարությունները և «Արազ-Արազ» բանաստեղծությանն Իրանի քաղաքական, հասարակական, փորձագիտավերլուծական կողմը կոշտ արձագանքեց, որին հաջորդեց Թուրքիայի Մևլութ Չավուշօղլուի պատասխանը, որ Էրդողանը պարզապես բանաստեղծություն է արտասանել, և խոսքը այստեղ վերաբերում էր Լաչինին, Բերձորին, Քաշաթաղին. Tert.am-ի հետ զրույցում նշեց իրանագետ Ահարոն Վարդանյանը:

Նշենք, որ Բաքվի շքերթի ժամանակ Էրդողանն արտասանել էր «Արազ-Արազ» բանաստեղծությունը և դիմելով Իրանի Ատրպատականի ժողովրդին՝ ասել էր․ «Մենք ձեզանից չբաժանվեցինք, մեզ բռնի կերպով բաժանեցին», և ավելացրել, որ Արազը շուտով իշխանություն և ուժ կստանա, ինչին Իրանը կոշտ արձագանքել էր:

«Այս ելույթից հետո իրանցի փորձագիտական և վերլուծական դաշտի  ներկայացուցիչները գտան 1998 թվականի մի տեսագրություն, որտեղ դեռևս ոչ այնքան ծեր Էրդողանն ասում է, որ ցանկացած բանաստեղծություն իր մեջ պարունակում է մեսիջ  և իրանական կայքերը, հղում անելով այդ տեքստին, ասացին՝ ինչպե՞ս հասկանանք՝ Չավուշօղլուն չգիտի՞, որ իր քաղաքական առաջնորդը նման խոսքեր ունի, նա պարզապես ստում է, և բանը հասավ նրան, որ խորհրդարանում իրանցի պատգամավորներից մեկը նշեց, որ Էրդողանի այս ասածը շատ վիրավորական է, դա Իրանի Ազգային անվտանգության և տարածքային ամբողջականությանը սպառնալիք է, և Իրանը իր հետագա քաղաքականությունը վարելիս պետք է հաշվի առնի այս ամենը»,- նշեց Վարդանյանը:

Իրանագետի խոսքով՝ Իրանի կողմից հնչած հայտարարությունների տիրույթում նաև նշվել է, որ Իրանը Արցախյան պատերազմի ժամանակ սխալ է թույլ տվել՝ որոշակիորեն Ադրբեջանի կողմը բռնելով, որը պետք է ուղղի և արցախյան հակամարտության հետագա գործընթացներում անպայմանորեն Հայաստանի շահերը հաշվի առնի, որպեսզի վերջինիս  տարածաշրջանում լինի առաջնային. «Իրանում տեսան, որ երբ թուրքական և ադրբեջանական շահերն են առաջնայինը դասվում, և Թուրքիան և Ադրբեջանը ուժեղանում են, ապա դա վտանգում է Իրանի տարածքային և ազգային անվտանգությունը»:

Դիտարկմանը, թե Էրդողանի հարավային Ադրբեջանի մասին հայտարարությունները և Իրանի հյուսիսային շրջաններին՝ Ատրպատականին էր վերաբերում, որը Հայաստան-՝Իրան հարաբերությունների  համատեքստում կարևոր տարածք է. Ահարոն Վարդանյանը ընդգծեց, որ երբ ասում են՝ հարավային Ադրբեջան, նկատի ունեն Ատրպատականը, որը Հայաստանը կապում է Իրանին, և այն Հայաստանի համար կենսական նշանակության տարածք է: Նրա խոսքով՝ այն շատ կարևոր է նաև Իրանի համար, քանի որ այդ ճանապարհով են Իրանի հյուսիսային սահմանները կապվում արտաքին աշխարհի հետ.

«Դա Իրանի տարածքների նկատմամբ նկրտումների դրսևորում է և վտանգում է ազգային անվտանգությունը և եթե այնպես ստացվի, որ անջատողական շարժումներ լինեն, ապա Հայաստանը, կարելի է ասել, չորս կողմից կընկնի շրջափակման մեջ, որովհետև Վրաստանում էլ, գիտենք, այդ հյուսիսային հատվածներում թուրքական ժողովուրդներ, կարելի է ասել, էթնիկ թուրքեր կան, իսկ Վրաստանը ամբողջությամբ կախման մեջ է գտնվում թուրքական և ադրբեջանական ուժերից: Դա Հայաստանի տեսանկյունից աղետալի կլինի: Սա է պատճառը, որ  բազմիցս նշել եմ, որ պետք է Ատրպատականում ՝ Թավրիզում, անպայմանորեն բացվի հայկական Հյուպատոսարան, որպեսզի որոշ չափով կարողանա մեղմել առկա թուրքականությունը, պանթյուրքիստական շարժումը, որովհետև դա անմիջականորեն բխում է հայ ժողովրդի կենսական շահերից»:

Անդրադառնալով՝ Թուրքիա- Իրան հնարավոր պատերազմին, Վարդանյանը նշեց, որ Իրանը ներկայումս գտնվում է սոցիալ- տնտեսական բարդ վիճակում և մեկ ավել պատերազմ իրեն ձեռք չի տալիս, և բացի այդ, նա իր սահմաններում ցանկանում է խաղաղություն, իսկ Թուրքիան էլ լավ գիտի, որ Իրանի դեմ պատերազմը խաղուպար չէ, և դրա ելքն անկանխատեսելի կարող է լինել. «Չեմ կարծում, որ այս փուլում խոսք գնա ռազմական բախման մասին, սա ցույց է տալիս, որ թուրք- իրանական հարաբերություններում կան բազմաթիվ հակասություններ և շահերի բախում և այն, թե ամեն ինչ կարգին է, այդպես չէ: Ուղղակի հաշվի առնելով ամերիկյան պատժամիջոցները և այն ֆինանսական աղբյուրները, որոնք գալիս են Թուրքիայի միջոցով Իրան, դա Իրանին զսպում է, և ռազմական բախումը այս պահին իրատեսական չէ»: