Իրանցի միջուկային գիտնական Ֆախրիզադեի ընտանիքին հանձնվել է բարձրագույն զինվորական շքանշան

18:17 • 14.12.20

Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարության հատուկ ուսումնասիրությունների կենտրոնի միջուկային գլխավոր մասնագետ Մոհսեն Ֆախրիզադեի ընտանիքին է փոխանցվել իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի կողմից ստորագրված բարձրագույն ռազմական պարգևը, հայտնում  tehrantimes.com -ը:

Իրանի զինված ուժերի շտաբի պետ գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին, սպանված գիտնականի ընտանիք կատարած այցի ժամանակ ընտանիքին պարգևատրել է առաջին կարգի «Նասրի» շքանշանով, որը ստորագրել է Առաջնորդը:

«Նասր» շքանշանն Իրանի զինված ուժերի ռազմական պարգև է, որը շնորհվում է Իսլամական հեղափոխության առաջնորդի կողմից՝ նշանակալից նյութատեխնիկական ներդրում ու զորքերին աջակցություն ցուցաբերելու համար:

«Բոլոր վերլուծական կենտրոնները և Իրանի բոլոր թշնամիները պետք է լավ իմանան, որ իրանական ազգն ու երկրի իշխանությունները ավելի համարձակ և նախանձախնդիր են և համապատասխան մարմինները պատշաճ կերպով կարձագանքեն այս ոճրագործությանը» - սպանությունից հետո ասել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին՝ նշելով, որ Իրանը չի ընկնելու թշնամիների ծուղակը:

«Նրանք պետք է հասկանան, որ մենք գիտենք նրանց ծրագրերը և գիտակցեն, որ չեն հասնելու իրենց նպատակներին» - երափակել է Ռոհանին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին , Իրանում սպանվել է երկրի պաշտպանության նախարարությանն առընթեր հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության ղեկավար, միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեն։ Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Զարիֆը հայտնել էր, որ Իսրայելն անմիջական առնչություն ունի սպանությանը։ 2018 թվականին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Իրանի միջուկային ներուժի մասին մամուլի ասուլիսում հիշատակել էր ֆիզիկոսի անունը՝ նրան անվանելով «վտանգավոր երկրի միջուկային ծրագրի հայր»։