«Այս դեպքը հազիվ թե վնաս հասցնի Իրանի և Եվրոպայի հարաբերություններին»․ Ռոհանին՝ ընդդիմադիր լրագրողի մահապատժի մասին
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ իրանցի ընդդիմադիր լրագրող Ռուհոլլա Զամի մահապատժի դատավճիռն իրականացվել է օրենքի շրջանակում, գրում է Reuters-ը։
«Եվրոպական երկրները իրավունք ունեն մեկնաբանել, բայց Զամը մահապատժի է ենթարկվել դատարանի որոշմամբ», - հայտարարել է Ռոհանին։
Հեռուստատեսային մամուլի ասուլիսի ժամանակ նա նաև նշել է, որ դատական համակարգն անկախ է գործում։
«Ես կարծում եմ, որ այս դեպքը հազիվ թե վնաս հասցնի Իրանի և Եվրոպայի հարաբերություններին»,- ասել է Ռոհանին։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին «հակահեղափոխական գործողությունների» համար Իրանում կախաղան է բարձրացվել ընդդիմադիր լրատվական կայքի՝ «Ahmad News»-ի ղեկավար Ռուհոլլահ Զամը։
Ռուհոլլա Զամը Ֆրանսիայում ապաստան էր ստացել, բայց ավելի ուշ ձերբակալվել էր Իրաքում և տեղափոխվել Իրան։
Դեռևս 2019-ի հոկտեմբերի կեսերին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել էր Զամի ձերբակալման մասին: Ըստ բաց աղբյուրների՝ Զամն ակտիվորեն լուսաբանել է 2017-ի դեկտեմբերից 2018-ի հունվար ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած բողոքի ցույցերն ամբողջ Իրանի տարածքում:
Մի շարք եվրոպական երկրներ ընդդիմադիր լրագրողի մահապատժի կապակցությամբ քննադատել էին երկրի իշխանություններին։
Ֆրանսիայի պնդմամբ՝ իրականացված մահապատիժը «բարբարոսական և անընդունելի» է։ Բացի այդ՝ դեպքի առնչությամբ մտահոգություն է հայտնել նաև Եվրամիությունը՝ խստագույնս դատապարտելով տեղի ունեցածը։










