Կոռնիձորում երեք կողմից թուրքի տարածքով շրջափակված ենք, միայն Գորիսով ճանապարհ կա. Կոռնիձորի վարչական ղեկավար (տեսանյութ)
Մեր գյուղում կա 300 տնտեսություն և 1050 բնակիչ: Բնակիչներին տվել են ընդամենը 60 հատ զենք, որոշներից զենքը վերցրել են, բերել են զինանոց, վերցնում, գնում են հենակետ, բայց քանի որ մեր գյուղի տները սահմանին կպած են, ամեն տան ապահովության համար պետք է զենք լինի, մեկ էլ տեսար թուրքը գիշերը պատահական մտնի, մի բան անի, այս պահին իրավիճակը այդպիսին է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Կոռնիձորի վարչական ղեկավար Արա Պետրոսյանը:
Պետրոսյանը նշեց, որ գյուղի բնակիչները պատերազմի ժամանակ մասնակցել են ռազմական գործողություններին: Նրա խոսքով՝ դեռևս սահմանազատում չի իրականացվել, իրենք էլ չեն իմանում, թե ինչ է լինելու:
«Հրադադարի պայմանագրից հետո ադրբեջանցիները եկել են իրենց նախկին տարածքներով ֆռռացել են, ներքևի ձորում են մնում: Մեր գյուղը՝ Կոռնիձորը, սեպի պես մտած է իրենց տարածքի մեջ՝ երեք կողմից մենք թուրքի տարածքով շրջափակված ենք: Միայն Գորիսով ճանապարհ կա, այլ ճանապարհ չկա»,- նշեց նա :
Արա Պետրոսյանի կարծիքով՝ քանի որ սահմանը երկարել է, պետք է զինվորներ բերեն, որովհետև գյուղացիները չեն կարող հսկա սահմանը պաշտպանել: «Շատ մարդուժի կարիք կա, երևի 25 հոգի եկել են, բայց դեռ կարիք կա: Հիմա սահմանը ամբողջովին չի վերահսկվում, հենակետեր են դրված, հսկվում է, հատվածներ կան, որոնք բաց են, բայց տեսանելի են, եթե ինչ որ բան լինի, խաբար կանենք: Ճիշտը կանոնավոր բանակն է, թե չէ կամավորը մեկ ամիս, երկու ամիս դիմացավ, չես կարող երկար պահել, իսկ բանակը այլ է»,- նկատեց Պետրոսյանը:










