Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, և արագ ձևավորվի ժամանակավոր կառավարություն. Ստեփան Մարգարյան

18:08 • 14.12.20

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Ստեփան Մարգարյանը հոդված է հրապարակել, որում անդրադադռնում է Արցախի երկրորդ պատերազմից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակին: Հոդվածը կարդացեք ստորև:

Որևէ կերպ հիմնավորել Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շարունակումը Հայաստանի և Արցախի անվտանգության տեսակետից հնարավոր չէ։ Դա հակաքաղաքագիտական է, հակատրամաբանական է և հակաբնական։ Փաշինյանը պետք է հարժարական տա և արագ ձևավորվի ժամանակավոր կառավարություն։

Հակառակ դեպքում դա պետությունը և հասարակությունն աղետի առջև կկանգնեցնի՝  պատճառ դառնալով նորանոր կորուստների։ Դրա վառ ապացույցը սահմաններին և շփման գծում շարունակաբար տեղի ունեցող դեպքերն ու իրադարձություններն են, որոնք դուրս են մնացել մեր վերահսկողությունից, ինչպես նաև կառավարման սուր ճգնաժամը երկրի ներսում։

Ժամանակավոր կառավարության ձևվավորման հարցում կարող են լինել տարբեր տեսակետներ։ Սակայն երբեմն հնչում են տեսակետներ, որոնք արհեստականորեն տանում են դեպի փակուղի առանց որևէ լուծում առաջարկելու։ Դրանցում հիմնականում գիտակցված դիտավորություն կա՝ ուղղված գործող իշխանության գործունեության շարունակմանը։

Բնականաբար, իշխանությունը ձևավորվում է ընտրություններով։ Սակայն հազիվ թե առողջ տրամաբանությամբ որևէ մեկը կպնդի հենց այս պահին ընտրություններ անցկացնել (չնայած այդպիսի կարծիքներ եղել են)։ Իսկ գործող իշխանությունն ապացուցել է և շարունակում է ապացուցել, որ իր գործունեությամբ ունակ չէ ապահովելու Հայաստանի և Արցախի գոնե մնացած հատվածի անվտանգությունը։ Հետևաբար, տարբեր քաղաքական ուժերի, իշխանության տեղական մարմինների, գիտական և ուսումնական հաստատությունների, անհատների կողմից առաջարկված և հասարակության լայն շերտերի կողմից պահանջված իշխանափոխության մոդելը միակն է։ Այն է, ստեղծել ժամանակավոր կառավարություն, որը կլծվի անվտանգության խնդիրների լուծմանը, ներքին կյանքի կազմակերպմանը, ինչպես նաև խելամիտ ժամանակահատվածում կկազմակերպի ընտրություններ։

Տարածաշրջանը, ուր մենք ենք գտնվում գլխիվայր փոխվել է։ Փոխվել է ի վնաս և ի դժբախտություն մեզ։ Փոխվել են խաղի կանոնները տարածաշրջանում, իսկ մեր դերակատարությունը ձգտում է դեպի զրո։ Միջպետական հարաբերություններում մենք սուբյեկտից վերածվել ենք օբյեկտի։ Ուրիշները կարող են մեր վերաբերյալ որոշումներ կայացնել առանց մեզ  հետ քննարկելու։ Այսպիսի իրավիճակ երբեք չի եղել մեր նորագույն պատմության ընթացքում։ Հասկանո՞ւմ է սա արդյոք գործող իշխանական վերնախավը, դժվար է ասել։ Սակայն իշխանության վարքագծից երևում է, որ շատերին դա այնքան էլ չի հետաքրքրում։

Փաշինյանը պետք է հրաժարական տա։ Երկրի անվտանգության այլ հնարավորություն պարզապես չկա։ Դա այսօր Հայաստանի ներքաղաքական կյանքի թիվ մեկ խնդիրն է։ Ակնհայտ է, որքան այն ուշանա, այնքան ավելի բարդ վիճակում ենք հայտնվելու։ Միաժամանակ շատ կարևոր հարց է, թե այդ հրաժարականը կլինի ցնցումների արդյունքում, թե առանց ցնցումների։

Երկրի ապագայով մտահոգ ողջ հատվածը ամեն ինչ պետք է անի, որպեսզի հրաժարականը տեղի ունենա առանց լուրջ ցնցումների։ Դա հնարավոր է միայն ուժեղացնելով խաղաղ անհնազանդության գործողությունները։ Մտքում դա ցանկանալը բավարար չի։