Թող Նիկոլ Փաշինյանը կամավոր հրաժարական ներկայացնի, հայ ժողովրդին այս ցավից ազատի. նա որքան երկար մնա, ավելի շատ վատ բաներ են լինելու. սահմանամերձ Վաղատուրի բնակիչ (տեսանյութ)

14:08 • 14.12.20

Նիկոլ Փաշինյանը որքան երկար մնա, ավելի շատ վատ բաներ են լինելու: Նրա՝ որպես ղեկավար աշխատելն անիմաստ եմ համարում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի սահմանամերձ Վաղատուր համայնքի բնակիչը:

Նրա խոսքով՝ համայնքի բնակիչները Քարվաճառի և Քաշաթաղի շրջանների հանձնումից հետո իրենց ապահով չեն զգում, անվտանգության երաշխիքներ չունեն:

«Ներկա ղեկավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը շատ թույլ է և չի ղեկավարում ամբողջ հանրապետությունը, մենք 100 տոկոսով երաշխիք չունենք: Թող Նիկոլ Փաշինյանը կամավոր հրաժարական ներկայացնի, հայ ժողովրդին այս ցավից ազատի: Մեղք են էլի, կոտորեց բոլորին: Ես լավ բան չեմ տեսնում և այս գյուղում ապագա չեմ տեսնում»,- նշեց նա:

Վաղատուր համայնքը նոր սահմանից 5-6 կմ հեռավորության վրա է գտնվում: Բնակիչն ասում է, որ խուճապային տրամադրություններ կան գյուղում, ծրագրում են՝ ինչ ուղղությամբ կարող են գյուղից փախչել:

«Այս իրավիճակը ղեկավարության «շնորհքն» էր: Եթե Նիկոլ Փաշինյանն իմանում է, որ հուլիսին Թուրքիան ռազմական մեծ կուտակումներ ունի Ադրբեջանի տարածքում, բայց Հայաստանի բնակչությունը տեղյակ չէր: Թող ժողովրդին հրապարակայնորեն կոչ աներ, ասեր՝ այսպիսի ձևակերպում է արած, հողերը տված է, ոչ թե էսքան զոհեր լինեին: Ինքը, իմանալով, այսքան զոհերը տվեց, Հադրութը, Շուշին տվեց, էդ էլ ծախեց: Հողերը վաճառված են: Ներկա ղեկավարության մեղքով է ստեղծված իրավիճակը, որպես ղեկավար, ես համարում եմ, որ անիմաստ է նրա աշխատելը»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում: