Կողմերը մոտենում են «հավասար մրցակցային դաշտ» ստեղծելուն. The Times-ը հաստատում է՝ Brexit-ի վերջնաժամկետը երկարաձգվել է
Մեծ Բրիտանիայի` Եվրամիության կազմից դուրս գալու (Brexit), վերջնաժամկետը երկարաձգվել է: Այս մասին գրում է բրիտանական The Times պարբերականը:
Ըստ տվյալների՝ առևտրային բանակցությունները կարող են տևել ամբողջ ամիս, քանի որ երկու կողմերը մոտենում են «հավասար մրցակցային դաշտ» ստեղծելուն։
Բրիտանիան և ԵՄ-ն երեկ խոստացել են լրացուցիչ ժամանակ վերցնել՝ փորձելով ապահովել Brexit-ից հետո առևտրային գործարքը։
Բացի այդ՝ The Times-ը տեղեկացել է, որ կողմերի միջև մեկշաբաթյա «թշնամանքից» հետո տեղի են ունեցել դրական քննարկումներ Brexit-ից հետո տնտեսական «հավասար պայմաններ» ապահովելու առնչությամբ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը պայմանավորվել էին շարունակել Մեծ Բրիտանիայի Եվրամիության կազմից դուրս գալու՝ Brexit-ի պայմանների շուրջ բանակցությունները, քանի որ կողմերին չէր հաջողվել վերջնական համաձայնության գալ մինչև դեկտեմբերի 13-ի վերջնաժամկետը:
Նշենք՝ Թագավորությունը Եվրամիության կազմից պետք է վերջնակապես դուրս գա դեկտեմբերի 31-ին։ Սակայն առանց առևտրային համաձայնագրի կնքման՝ կողմերի միջև ապրանքաշրջանառության մաքսատուրքեր կսահմանվեն, որը կհանգեցնի որոշ ապրանքների գների կտրուկ բարձրացման:
Հիշեցնենք՝ Մեծ Բրիտանիան ԵՄ-ի կազմից դուրս է եկել 2020 թվականի հունվարի 31-ին՝ դուրս գալու պայմանների շուրջ եռամյա բանակցություններից հետո։ Կողմերը համաձայնության էին եկել մինչև այս տարվա վերջ անցումային շրջանի մասին, որի ընթացքում Մեծ Բրիտանիայի վրա տարածվում էին բոլոր եվրոպական նորմերը, նորառյալ՝ միասնական եվրոպական շուկայի կանոններով առևտուրը։ Մինչև անցումային շրջանի ավարտը կողմերը պետք է պայմանավորվածություն ձեռք բերեն հետագա հարաբերությունների ձևաչափի շուրջ, որի շրջանակներում էլ նախատեսվում է կնքել ազատ առևտրի մասին համաձայնագիր:










