Գերիների փոխանակման գործընթացի շրջանակում Հայաստանը Ադրբեջանին է փոխանցել 12 ադրբեջանցի, այդ թվում՝ 2 դատապարտյալ

23:49 • 14.12.20

Դեկտեմբերի 14-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած գերիների և պատանդների փոխադարձ փոխանակման գործընթացի շրջանակում Բաքվին է հանձնվել 12 ադրբեջանցի: «Риа Новости»-ի հաղորդմամբ՝ այդ մասին ասել է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը:

Ադրբեջանական կողմի փոխանցվածների թվում են Արցախում սպանության համար դատապարտված ադրբեջանցիներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը, որոնք 2014 թվականից բանտարկված էին Արցախում՝ լրտեսության, պետական սահմանի ապօրինի հատման, ռազմամթերք կրելու, անձի առևանգման և սպանության համար։ ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել էին համապատասխանաբար ցմահ և 22 տարվա ազատազրկման:

Նշենք, որ Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվել պաշտոնապես հաստատված 44 գերի։