Հնդկաստանի պաշտպանական ուժերը զենք-զինամթերք են պահեստավորում 15-օրյա ինտենսիվ պատերազմի համար. Hindustan Times
Չինաստանի հետ հակամարտության ֆոնին Հնդկաստանը նշանակալի քայլ է կատարել՝ թույլ տալով պաշտպանական ուժերին ավելացնել զենքի և զինամթերքի պաշարները, որոնք անհրաժեշտ են պատերազմի առաջացման դեպքում 15-օրյա ինտենսիվ ռազմական գործողություններ վարելու համար: Այս մասին գրում է Hindustan Times–ը:
Օգտագործելով Արևելյան Լադաքում Չինաստանի հետ շարունակվող հակամարտության շրջանակում պահեստավորման ընդլայնված պահանջները և արտակարգ ֆինանսական լիազորությունները՝ նախատեսվում է, որ պաշտպանական ուժերը կծախսեն մոտ 67,8 միլիոն դոլար՝ տեղական և արտասահմանյան աղբյուրներից սարքավորումներ և զինամթերք ձեռք բերելու համար:
Զենքի և զինամթերքի պաշարները նվազագույնը 15-I հարաբերակցության հասցնելու համար ավելի վաղ տրված թույլտվությունը պաշտպանական ուժերին պատերազմի է նախապատրաստել երկու ճակատով՝ Չինաստանի և Պակիստանի հետ:
Հիշեցնենք՝ տարիներ առաջ տրված թույլտվության համաձայն, զինված ուժերը պետք է պահեստավորվեին 40-օրյա ինտենսիվ պատերազմի համար, բայց այս ցուցանիշն իջեցվել էր 10-I մակարդակի`զենքի և զինամթերքի պահեստավորման, ինչպես նաև պատերազմի բնույթի փոփոխության հետ կապված խնդիրների պատճառով:
Ուրիի հարձակումից հետո (խոսքը 2016 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած հարձակման մասին է: Այդ ժամանակ պակիստանյան զինված խմբավորումների 4 անդամներ հարձակում գործեցին հնդկական բանակի Ուրի քաղաքի շտաբ-բնակարանի վրա՝ սպանելով 19 զինվորի - Tert.am) պարզ էր դարձել, որ երկրի պահուստների պաշարները քիչ են, և այն ժամանակ Մանոհար Փարիքարի ղեկավարած պաշտպանության նախարարությունը ուժեղացրել էր բանակի, ռազմածովային և ռազմաօդային ուժերի ղեկավարների ֆինանսական լիազորությունները՝ 100 միլիոն հնդկական ռուփիից այն դարձնելով 500 միլիոն ռուփի:
Երեք ծառայություններին տրվել էր նաև արտակարգ ֆինանսական լիազորություն` 300 միլիոն ռուփի արժողությամբ ցանկացած սարքավորում գնելու համար, որը, իրենց կարծիքով, կարող էր օգտակար լինել պատերազմների համար: Պաշտպանական ուժերը գնում են մի շարք պահեստամասեր, զենքեր, հրթիռներ և համակարգեր ՝ երկու հակառակորդներին արդյունավետ կերպով դիմագրավելու համար:
Աղբյուրները նշում են նաև, որ տանկերի և հրետանու համար մեծ քանակությամբ հրթիռներ և զինամթերք են ձեռք բերվել:
Հիշեցնենք, որ տարածաշրջանում իրավիճակը լարվել էր 2020թ․ մայիսից։ Երկու երկրների միջև վիճելի տարածք է համարվում Աքսայչին շրջանը, որը վերահսկում է Չինաստանը, սակայն Հնդկաստանը վիճարկում է այն և ներառում Չինաստանին սահմանակից հնդկական Լադաք շրջանի կազմում։
Ինչ վերաբերում է Հնդկաստանի ու Պակիստանի միջև կոնֆլիկտին, ապա պատկերն այստեղ այլ է: Երկու երկրների միջև լարվածության պատճառը Քաշմիրի շրջանն է։ Հնդկաստանի ու Պակիստանի «Քաշմիրյան հակամարտությունը» սկսվել է 1947թ.-ից։ 1947-1949 թթ. պատերազմի արդյունքում Հնդկաստանը սկսել է վերահսկել Քաշմիրի տարածքի մոտ 2/3-ը, մնացյալը հսկում են պակիստանյան ուժերը։ Քաշմիրի պատկանելության խնդիրը չի լուծվել նաև 1965-1971 թթ. պատերազմից հետո։










