«Սիոնիստական ռեժիմը պատերազմ է ցանկանում». Ռոհանին նշել է իրանցի միջուկային ֆիզիկոսի սպանության նպատակը

18:07 • 14.12.20

Իսրայելը ցանկանում էր պատերազմ հրահրել Մերձավոր Արևելքում ՝ սպանելով միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեին: Այս մասին այսօր` դեկտեմբերի 14-ին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, գրում է «ՌԻԱ Նովոստի»  գործակալությունը:

«Ֆախրիզադեի սպանությունը նրանց ձեռքի գործն էր, որոնք ցանկանում էին (ԱՄՆ նախագահ Դոնալդ)  Թրամփի  արատավորված կառավարության վերջին օրերին տարածաշրջանը պատերազմի մեջ գցել: Դա նրանց հիմնական նպատակն էր: Ֆախրիզադեի սպանության մեջ սիոնիստական ռեժիմի հիմնական նպատակը տարածաշրջանում ապակայունացում և պատերազմ ստեղծելն էր»,-ասել է Ռոհանին մամուլի ասուլիսի ժամանակ:

Ռոհանին կրկին խոստացել է վրեժ լուծել գիտնականի սպանության համար ճիշտ ժամանակին և տեղում, բայց շեշտել է, որ Թեհրանը «թույլ չի տա ուրիշներին որոշել տեղն ու ժամանակը» պատասխանի համար, քանի որ Իրանը մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանում կայունության պահպանմանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին , Իրանում սպանվել է երկրի պաշտպանության նախարարությանն առընթեր հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության ղեկավար, միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեն։

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Զարիֆը հայտնել էր, որ Իսրայելն անմիջական առնչություն ունի սպանությանը։

2018 թվականին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Իրանի միջուկային ներուժի մասին մամուլի ասուլիսում հիշատակել էր ֆիզիկոսի անունը՝ նրան անվանելով «վտանգավոր երկրի միջուկային ծրագրի հայր»։