ԱՄՆ-ն քննարկում է ՌԴ տարածքում իր հյուպատոսարանների փակման հարցը. Կրեմլն արձագանքել է

17:52 • 14.12.20

Ռուսաստանում ԱՄՆ երկու հյուպատոսությունների հնարավոր փակումը չի կարող էլ ավելի փչացնել հարաբերությունները երկու երկրների միջև: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ  գործակալությունը:

«Հյուպատոսությունների հիմնական գործառույթը հյուպատոսական և այցագրային ծառայություններ տրամադրելն է: Այդ ծառայությունները երկար ժամանակ չեն իրականացվում մեր տարածքում գտնվող ամերիկյան այս առաքելություններում, ուստի առանձնակի ազդեցություն չի լինի»,-ասել է Պեսկովը:

«Եթե մենք խոսում ենք առհասարակ (Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների) հարաբերությունների մասին, ապա դա, իհարկե, ավելի չի փչացնի հարաբերությունները»,- վստահ է Կրեմլի խոսնակը:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ամերիկյան իշխանությունները քննարկում են Եկատերինբուրգում և Վլադիվոստոկում ԱՄՆ գլխավոր հյուպատոսություններն ամբողջովին փակելու տարբերակը: