«Պատժամիջոցների փոխարեն ԵՄ-ից ակնկալում ենք կատարել Թուրքիայի՝ միությանն անդամակցելու խոստումները». Էրդողան

23:00 • 14.12.20

Թուրքիայի իշխանությունները վշտացած են, որ Եվրոպայում և ԱՄՆ-ում ուժեղացել է Անկարայի նկատմամբ պատժամիջոցային հռետորաբանությունը, այսօր Անկարայում կառավարության նիստի ավարտին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ցավալի է, որ վերջին շրջանում ԱՄՆ-ում և Եվրոպայում ուժեղացել է մեր երկրի նկատմամբ պատժամիջոցային հռետորաբանությունը։ Թուրքիայի դեմ միջոցառումները չեն կանգնեցնի մեր իրավունքները պաշտպանելու մեր փորձերը»,- ասել է նա։

Էրդողանի խոսքով՝ «պատժամիջոցների փոխարեն Թուրքիան ԵՄ-ից ակնկալում է կատարել միության մեջ մտնելու խոստումները, իսկ ԱՄՆ-ից՝ տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարի հարցում աջակցություն ցուցաբերել»:

Ավելի վաղ ԵՄ առաջնորդները համաձայնության էին եկել Արևելյան Միջերկրական ծովում ապօրինի հորատման համար Թուրքիայի նկատմամբ գոյություն ունեցող անհատական պատժամիջոցներն ընդլայնելու մասին որոշման շուրջ: ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին հանձնարարվել է նաև աշխատել մինչև 2021 թվականի մարտը Արևելյան Միջերկրական ծովի իրադրության վերաբերյալ միջազգային խորհրդաժողով հրավիրելու ուղղությամբ և Թուրքիայի հետ հարաբերությունների մասին զեկույց մշակել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին, Թուրքիայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները, որոնք ԱՄՆ-ն պատրաստվում է կիրառել Անկարայի կողմից ռուսական С-400- ները ձեռք բերելու պատճառով, կարող են կիրառվել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության և դրա ղեկավար Իսմայիլ Դեմիրի դեմ: