Լիբիայում հաշտության կնքումից հետո երկրում շարունակում է մնալ Սիրիայից բերված ավելի քան 7000 վարձկան. SOHR

15:26 • 14.12.20

Մարդու իրավունքների մշտադիտարկման սիրիական կենտրոնի (SOHR) տնօրեն Ռամի Աբդել Ռահմանն ասել է, որ Լիբիայում շարունակում են մնալ Սիրիայից բերված ավելի քան 7000 վարձկաններ, հայտնում է riafun.ru կայքը՝ հղում տալով Կենտրոնի պաշտոնական լրահոսին:

Կենտրոնի տնօրենի խոսքով՝ Հյուսիսային Աֆրիկայի երկրներ են տեղափոխվել ահաբեկչական խմբավորումների 10 000 գրոհայիններ, որոնց մեկ քառորդն ունի Թունիսի քաղաքացիություն: Նրանց տրվող աշխատավարձերի ամսական գումարը հասնում է մինչև 40 միլիոն դոլարի:

Ռամի Աբդել Ռահմանը չի բացառել, որ եվրոպական պատժամիջոցները կարող են ազդել Անկարայի քաղաքականության վրա: Ավելի վաղ Թուրքիան չէր ճանաչում հաշտության համաձայնագիրը, որը ձեռք էր բերվել Ժնևում «5+5» Միացյալ կոմիտեի խորհրդակցությունների շրջանակներում:

Փաստաթուղթը ենթադրում է ոչ միայն Լիբիայից օտարերկրյա վարձկանների դուրսբերում, այլ նաև բոլոր նախորդ համաձայնագրերի սառեցում, այդ թվում՝ Թուրքիայի և Ազգային համաձայնության կառավարության միջև ստորագրվածը:

Այնուամենայնիվ, Անկարան շարունակում է ռազմական տեխնիկայով և զինյալներով աջակցել Տրիպոլիի իշխանություններին՝ չնայած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Հյուսիսային Աֆրիկայի պետությանը զենք մատակարարելու արգելքին և այլ համաձայնագրերին: