«Արցախն 8000 տուն կառուցելու խնդրանքով դիմել է ՌԴ-ին. նախագիծը գնահատվում է 300-400 մլն դոլար»․ ԱՀ քաղաքաշինության նախարարը՝ EADaily-ին

14:44 • 15.12.20

44-օրյա ավերիչ պատերազմից մեկ ամիս անց Լեռնային Ղարաբաղն աստիճանաբար կենդանանում է։ Բնակիչները վերադառնում են պատերազմի ժամանակ իր տարածքի 70 տոկոսից ավելին կորցրած Լեռնային Ղարաբաղ։ Նրանցից շատերը գտնվում են անորոշության մեջ։ Ոմանք ռմբակոծությունների ժամանակ կորցրել են իրենց տները, մյուսների տներն անցել են ադրբեջանական զորքերի վերահսկողության տակ։

Արցախի քաղաքաշինության նախարար Արմեն Սարգսյանը EADaily-ին պատմել է պատերազմից հետո ծառացած մարտահրավերների և ենթակառուցվածների վերականգնողական աշխատանքների մասին։

Հարցին, թե արդյոք վերականգնողական աշխատանքներում ներգրավված են նաև ռուս խաղաղապահները, Սարգսյանը դրական պատասխան է տվել։

«Այո, իհարկե։ Մենք Ռուսաստանից շինարարական նյութեր ենք ստանում։ Շուտով այդ ծավալները կավելանան։ Հումանիտար նշանակության բեռների երկու խմբաքանակ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղ է ներկրել նաև Ադրբեջանի տարածքով։ Մենք նաև շինարարական նյութեր ենք ստանում Հայաստանից։ Աշխատանքներ են տարվում»,- նշել է նա։

Սարգսյանը նաև ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղում բնակության հաստատման խնդրի լիարժեք լուծման համար պետք է կառուցել 8 հազար տուն։

«Հադրութի շրջանի և Շուշիի բնակիչների մի մասը բնակեցված է Ստեփանակերտի շրջակայքում, իսկ մյուսների համար նախատեսում ենք նոր բնակավայրեր կառուցել։ Այդ գործում մեզ կարող է օգնել Ռուսաստանը։ Մենք արդեն դիմել ենք Ռուսաստանին և համապատասխան հարցում ենք ներկայացրել, որպեսզի մեզ օգնեն 8 հազար մոդուլային տուն կառուցելու հարցում։ Մեր հարցումն արդեն քննարկվում է Ռուսաստանի կառավարությունում։ Կարծում եմ՝ ռուսական կողմի որոշումը դրական կլինի։ Խոսքը մեծ ներդրումների մասին է։ Նախագիծը գնահատվում է 300-400 մլն դոլար։ Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2,5 տարում։ Հույս ունենք, որ Ռուսաստանն այդ գործում կօգնի մեզ»,- հայտնել է Սարգսյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանի վերահսկողությանն են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։