Վահրամ Բաղդասարյանը չի կալանավորվի, դատարանը մերժեց դատախազության վերաքննիչ բողոքը. պաշտպան
Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց չընտրելու Ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության ներկայացրած վերաքննիչ բողոքը: Այս մասին այսօրվա դատական նիստից հետո հայտարարեց Վահրամ Բաղդասարյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանը:
«Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց դատական ակտի եզրափակիչ մասը, որով դատախազի վերաքննիչ բողոքը մերժեց՝ օրինական ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը: Առաջին ատյանի դատարանը կայացրել էր հետևյալ որոշումը. բավարարել էր պաշտպաններից մեկի բողոքը և ոչ իրավաչափ էր ճանաչել պարոն Բաղդասարյանի ձերբակալումը: Նույն որոշմամբ մերժել էր նաև քննիչի միջնորդությունը՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին»,- հայտնեց պաշտպանը:
Ռուբեն Հակոբյանի խոսքով՝ դատախազության ներկայացրած բողոքն անհիմն էր և չպատճառաբանված:
Հիշեցնենք, որ Վահրամ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանության յուրացման և 35-305-րդ հոդվածի՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման և 235-րդ հոդվածի՝ ապօրինի զենք զինամթերք պահելու հատկանիշներով։










