Մեր աշխատակազմի բժշկի հետ միասին ներկա գտնվեցինք Ադրբեջանում գերության մեջ գտնվող մեր տղաների մի մասի դիմավորմանը օդանավակայանում. Արման Թաթոյան

00:29 • 15.12.20

Մեր աշխատակազմի բժշկի հետ միասին ներկա գտնվեցինք Ադրբեջանում գերության մեջ գտնվող մեր տղաների մի մասի դիմավորմանը օդանավակայանում: Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Այս պահին մեր աշխատակազմի զինված ուժերում մարդու իրավունքների հարցերով դեպարտամենտի ղեկավարի և բժշկուհու հետ հոսպիտալում ենք` նրանց առողջական վիճակի ուսումնասիրության ու անհրաժեշտ այլ գործողությունների համար»,- նշվում է հաղորդագրությունում:

Այսօր ռուս խաղաղապահների միջնորդությամբ տեղի է ունեցել գերիների փոխանակման գործընթաց: Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել պաշտոնապես հաստատված 44 մեր հայրենակիցներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Այս փուլում վերադարձվում են այն հայ գերիները, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է Ադրբեջանի և Կարմիր խաչի կողմից: Անհետ կորած և հնարավոր  գերեվարված մեր մյուս հայրենակիցների հայտնաբերման ու նրանց վերադարձի կազմակերպման գործընթացն ինտենսիվ կերպով շարունակվում է:

Վերադարձած գերիների մասին ավելի ուշ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- գրել է նա։

Նշենք նաև, որ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, գերիներին օդանավակայանում դիմավորում են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, գերիների հարազատները:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանը և Բաքուն երկուշաբթի սկսել են գերիների և պատանդների փոխանակումը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, գործընթացն ընթանում է ռուս խաղաղապահների մասնակցությամբ:

Գերիների ու պատանդների փոխանակման շրջանակում Ադրբեջանին են հանձնվել նաև Արցախում սպանության համար դատապարտված ադրբեջանցիներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը: