Սիրիայում թուրքամետ զինյալներն արդեն 25 օր խմելու ջրի հասանելիությունից զրկել են մոտ 1 մլն մարդու

13:59 • 16.12.20

Սիրիայի Ալ-Հասաքե նահանգի մեկ միլիոն բնակիչ 25 օր շարունակ խմելու ջուր չունի, քանի որ  Թուրքիայի աջակցությունը վայելող զինյալներն այս տարվա ընթացքում արդեն 17-րդ անգամ դադարեցրել են մատակարարումը Ալուկի կայանում, հայտնում է almasdarnews.com լրատվական կայքը:

Ըստ Ալ-Հասաքեի նահանգապետարանի զեկույցի, Թուրքիայի կողմից աջակցություն վայելող ուժերը կանխամտածված արգելափակել են Սիրիայի հյուսիս-արևելքում մեկ միլիոն մարդու համար ջրի մատակարարման համակարգի վերանորոգման աշխատանքները՝ համապատասխան աշխատակիցներին թույլ չտալով մուտք գործել Ալուքի կայան:

Խոչընդոտները ստեղծվել են նպատակադրված՝ թիրախավորելով վարչական մայրաքաղաք Հասաքեի բնակիչներին, ինչպես նաև Թալ Թամր նահանգի արևմտյան մասի բնակիչներին:

Ի պատասխան ջրի հոսքի դադարեցմանը, Սիրիայի դեմոկրատական ուժերը (SDF) կտրել են Մաբուքա կայարանից դեպի թուրքամետ զինյալների ազդեցության գոտում գտնվող Ռաս ալ Այն գյուղ հոսանքի մատակարարման աղբյուրը:

Գրավված Ռաս ալ Այն գյուղի ծայրամասում գտնվող Ալուքի ջրհորների նախագիծը համարվում է խմելու ջրի միակ աղբյուրը, և դրան կայուն այլընտրանք չկա: Ջրի մատակարարումը չի իրականացվում 25-րդ օրն անընդմեջ, ինչի մասին ասել է Հասաքեի նահանգային կառավարության ջրայի կորպորացիայի գլխավոր տնօրեն Մահմուդ ալ Իքլան:

Նա հավելել է, որ կառավարությունը համագործակցում է մի շարք միջազգային կազմակերպությունների հետ՝ Սիրիայի Արաբական Կարմիր մահիկի միջոցով ջրի տեղափոխման համար մի շարք բաքեր ապահովելու և Հասաքե քաղաքի մերձակայքում 100 խոշոր ջրամբարներ լցնելու նպատակով: