Փարիզի քաղաքապետարանը տուգանվել է ղեկավար պաշտոններում չափից ավելի մեծ թվով կանանց նշանակման համար
Փարիզի քաղաքապետարանը քաղաքային վարչակազմում կանանց չափազանց մեծ թվով ղեկավար պաշտոններ հատկացնելու համար 90 հազար եվրո տուգանք կվճարի: Այս մասին քաղաքային խորհրդի նիստում հայտարարել է քաղաքապետ Անն Իդալգոն, գրում է The Guardian-ը։
«Քաղաքը պետք է տուգանք վճարի ղեկավար պաշտոններում մեծ թվով կանանց նշանակելու համար՝ 69%-ը․ 11 կանայք և 5 տղամարդիկ», - հայտարարել է նա:
Նշվում է, որ «խախտումը» տեղի է ունեցել դեռ 2018-ին նոր պաշտոնների բաշխման ժամանակ, սակայն այն բացահայտվել է միայն վերջերս՝ Ֆրանսիայի պետական ծառայության նախարարության աուդիտի ընթացքում։
Օրենքի համաձայն՝ պաշտոնների նշանակվելիս տղամարդկանց և կանանց հարաբերակցությունը պետք է կազմի առնվազն 60 և 40 տոկոս, իսկ լավագույն դեպքում՝ պետք է հավասար լինի։
«Մենք պետք է վճռականորեն առաջ մղենք կանանց, քանի որ ամբողջ Ֆրանսիայում լուրջ հետընթաց է նկատվում, և հավասարության հասնելու համար անհրաժեշտ է արագացնել տեմպերը։ Այդ տուգանքն ակնհայտորեն անհեթեթություն է։ Ավելին, այն անարդար է, անպատասխանատու և վտանգավոր», - ընդգծել է Իդալգոն։










