Թրամփի փեսան կգլխավորի Իսրայելում և Մարոկկոյում ԱՄՆ-ի պատվիրակությունը․ Reuters
ԱՄՆ նախգահ Դոնալդ Թրամփի ավագ խորհրդական Ջարեդ Քուշները, որը նաև նրա փեսան է, հաջորդ շաբաթ Իսրայելում և Մարոկկոյում կգլխավորի ԱՄՆ-ի պատվիրակությունը․ երկու երկրներում հանդիպման ժամանակ կքննարկվի մերձավորարեւելյան երկրների միջև հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագիրը, վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է Reuters-ին։
Քուշները, Մերձավոր Արևելքի գծով դեսպանորդ Ավի Բերկովիցը և ամերիկյան միջազգային ֆինանսական զարգացման կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն Ադամ Բոլերը Իսրայել կժամանեն մյուս երկուշաբթի։
Նշվում է, որ Երուսաղեմում Քուշները պետք է բանակցություններ վարի Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ։
Իսրայելում բանակցություններից հետո ամերիկյան պատվիրակությունը և իսրայելական թիմը Թել Ավիվից ուղիղ չվերթ կիրականացնի Ռաբաթ՝ որպես երկու երկրների հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլ, հայտնել է աղբյուրը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Մարոկկոն և Իսրայելը պայմանավորվել են կարգավորել իրենց հարաբերությունները՝ ամերիկյան միջնորդությունից հետո: Ինչպես նաև ասել էր, որ ստորագրել է Արևմտյան Սահարայի նկատմամբ Մարոկկայի ինքնիշխանությունը ճանաչող հռչակագիր:
Նշենք, որ օգոստոսից ի վեր Մարոկկոն դարձել է 4-րդ արաբեկան երկիրը՝ ԱՄԷ-ից, Բահրեյնից և Սուդանից հետո, որը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Իսրայելի հետ:










