Քիշնևում բախում է տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև. դժգոհ ֆերմերները խորհրդարանի դիմաց 200 տրակտոր են կայանել

17:27 • 16.12.20

Մոլդովացի ֆերմերները բողոքի ցույց են կազմակերպել Քիշնևում՝ խորհրդարանի շենքի դիմաց, որտեղ չորեքշաբթի օրը պատգամավորները նիստ պիտի գումարեին: Ցույցի ժամանակ բախում է տեղի ունեցել ոստիկանության հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Մոլդովացի ֆերմերները ցույցեր են անցկացնում դեկտեմբերի 6-ից, իսկ դեկտեմբերի 9-ին նրանք մայրաքաղաք մուտք գործելու թույլտվություն են ստացել և կառավարության շենքի դիմացի հրապարակում կայանել են մոտ 200 տրակտոր: Ակցիայի մասնակիցները պահանջում են ավելացնել բերքի ֆինանսական փոխհատուցման չափը. նշվում է, որ այս տարի բերքը ոչնչացել է երաշտի պատճառով:

Նրանք նաև ասել են, որ մտադիր են մնալ կենտրոնում այնքան ժամանակ, միչև կհանդիպեն իշխանության ներկայացուցիչների հետ: Ֆերմերները պնդում են, որ կաբինետը կա՛մ պետք է կատարի իրենց պահանջները, կա՛մ հրաժարական տա: 

Պատգամավորական նիստի օրվա փոփոխությանը համընթաց Ֆերմերները տրակտորներով տեղափոխվել են խորհրդարանի շենքի մոտ, որտեղ էլ բախում է տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանական ուժերի միջև: Խորհրդարանի շենքը շրջապատված է ոստիկաններով, Քիշնևի կենտրոնում երթևեկությունը արգելափակված է: Տրակտորավարներն անընդհատ թմբկահարում են՝ հույս ունենալով, որ այս կերպ իշխանությունների ուշադրությունը կարող են հրավիրել իրենց խնդիրների վրա:

Ավելի վաղ ֆերմերներն ասում էին, որ ցանկանում են խաղաղ ճանապարհով հասնել իրենց պահանջների կատարմանը՝ այնպես, որ իշխանությունները հրաժարվեն գյուղատնտեսական ապրանքների ԱԱՀ-ն 8 տոկոսից 12-ի բարձրացնելու գաղափարից և հատկացնեն 3 հազար լեյ (174 դոլար) փոխհատուցում յուրաքանչյուր հեկտար հողի համար:

Ֆերմերներին թույլատրվել է բողոքի ակցիան շարունակել Քիշնևի կենտրոնում մինչև դեկտեմբերի 31-ը: