«Թրամփը հրամայել է սպանել հորս, և Բայդենն աջակցել է դրան. նրանց միջև որևէ տարբերություն չկա․ մեկը մյուսից վատն է»․ Սոլեյմանիի դուստր
ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումը հազիվ թե փոխի Թեհրանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունը: Այդ մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ռազմական հատուկ ստորաբաժանման նախկին հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի դուստրը, գրում է Tasnim News Agency-ն։
«Բայդենի և Թրամփի միջև ոչ մի տարբերություն չկա, նրանք միևնույն մարդն են։ Նրանք հետևում են նույն քաղաքականությանը, նրանց միջև ոչ մի տարբերություն չկա։ Թրամփը հրամայել է սպանել իմ հորը, սակայն Բայդենն աջակցել է դրան, այնպես որ ոչ մի տարբերություն չկա»,- RT-ին տված հարցազրույցում ասել է Զեյնաբ Սոլեյմանին։
Նրա խոսքով՝ Բայդենի անցյալն արդեն իսկ կասկած է հարուցում, քանի որ հենց ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմն է նպաստել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ստեղծմանը, և նրանք են ամբողջ Մերձավոր Արևելքը խառնաշփոթի վերածել։
«Խնդիրը, որը մենք ունենք Ամերիկայի հետ, նրանց քաղաքականությունն է, դա չի փոխվի։ Նրանք նույն մարդիկ են, նույն խելքով, նույն ճանապարհով: Եվ նրանցից յուրաքանչյուրը մյուսից վատն է», - հավելել է Զեյնաբը:
Ավելին, Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունը գրեթե անփոփոխ է մնում արդեն տասնամյակներ շարունակ, պնդել է նա։
«Հայրս այնքան լավ էր անում իր աշխատանքը, որ զայրացնում էր նրանց։ Դուք տեսնում եք, որ Մերձավոր Արևելքում նրանց բոլոր ծրագրերը ձախողված են: Ամենուր, որտեղ ցանկանում են վնասել Իրանին, նրանք ձախողում են։ Իհարկե, իմ հայրը մեծ հրեշ է նրանց համար, բայց իրականում փրկիչ էր»,- հավելել է նա։
Սոլեյմանիի դուստրը նաև նշել է, որ հոր սպանությունը, «ԱՄՆ-ին հաղթանակ չի բերել, այլ հակառակ ազդեցությունն է ունեցել: Իրանում, ինչպես նաև տարածաշրջանի այլ երկրներում Վաշինգտոնի նկատմամբ ավելի մեծ զայրույթ և ատելություն է առաջացրել:
«Նրա սպանությունն ավելի շատ մարդկանց ստիպեց գնալ գեներալ Սոլեյմանիի հետքերով և պայքարել ԱՄՆ-ի դեմ»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ հունվարի 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի տարածքում ԱՄՆ-ի իրականացրած հատուկ գործողության հետևանքով սպանվել էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանի: Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել էր վրեժ լուծել Սոլեյմանիի սպանության համար, իսկ օրեր անց Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել էր գեներալի սպանության համար վրեժխնդրության գործողություն սկսելու մասին՝ հրթիռակոծելով Իրաքի արևմուտքում գտնվող ամերիկյան «Այն ալ-Ասադ» ռազմակայանը:










