Եգիպտոսի խորհրդարանը վավերացրել է ՌԴ-ի հետ ռազմավարական 10-ամյա համագործակցության մասին համաձայնագիրը

10:09 • 16.12.20

Եգիպտոսի Պատգամավորների պալատը վավերացրել է Ռուսաստանի Դաշնության հետ համապարփակ գործընկերության և ռազմավարական համագործակցության մասին համաձայնագիրը: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը` հղում տալով եգիպտական ԶԼՄ-ներին:

Եգիպտոսում Ռուսաստանի դեսպանության հաղորդագրության մեջ ասվում է, որ պայմանագրի վավերացումը «Ռուսաստանի և Եգիպտոսի միջև բարեկամական հարաբերությունների զարգացման կարևոր քայլ էր` հիմնված բարեկամության խոր ավանդույթների, մեր ժողովուրդների փոխադարձ համակրանքի և համագործակցության ընդլայնման փոխադարձ ցանկության վրա»:

Դեսպանությունը պարզաբանել է, որ վավերացումը տեղի է ունեցել դեկտեմբերի 15-ին:

Համաձայնագիրը ստորագրվել է երկու երկրների նախագահների կողմից Սոչիում` 2018 թվականի հոկտեմբերի 17-ին, իսկ Պետդուման այն վավերացրել է 2019 թվականի հուլիսի վերջին:

Փաստաթուղթը ենթադրում է երկու պետությունների ղեկավարների փոխայցելություններ առնվազն տարին մեկ անգամ ՝ Ռուսաստանի և Եգիպտոսի նախարարների և գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ: Բացի այդ, համաձայնագիրը նախատեսում է խորհրդակցությունների ձևաչափ ըստ «2 + 2» սխեմայի, որում պետք է ներառված լինեն երկու երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարները:

Փաստաթղթում նշվում է նաև, որ Մոսկվան և Կահիրեն պարտավորվում են խթանել առևտրի, տնտեսական, ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության զարգացումը:

«Կողմերը մեծ ուշադրություն են դարձնում ենթակառուցվածքային նախագծերին, հատկապես ատոմային և էներգիայի այլ տեսակների ոլորտներում»,-ասվում է համաձայնագրի տեքստում:

Համաձայնագիրը կնքված է տասը տարի ժամկետով և ուժի մեջ է մտնում երկու երկրների կողմից միջպետական ընթացակարգերի  կատարման վերջին գրավոր ծանուցման ստացման օրվանից: